Էջ:Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի 4.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տերտեր առնենք. նույնը։ Պետք է տուն օրհնի, մկրտի, պսակի, թաղի…

Իսկ եթե նույնքան գեղարվեստագետ, գրող, գիտնական ու հրապարակախոս առնե՞նք, ի՞նչ կլինի նրանց վիճակն ու նրանց գործի դրությունը։

Էն, ի՛նչ որ է։ Անպայման անապահով, անհաստատ և շատ դժար լուծելի մի խնդիր։

Ինչո՞ւ։

Որովհետև առանց գրքի ու առանց գիտության ազգը կարող է ապրել։ Իսկ էնտեղ, որտեղ առանց գրքի ու առանց գիտության կարող են ապրել, էնտեղ գրողն ու գիտնականը չեն կարող ապրել, ավելորդ մարդիկ են, և ուզեն-չուզեն պետք է իրենց ճամփից շեղվեն, իրենց գործը թողնեն, ուրիշ գործով զբաղվեն, որ իրենք էլ ապրեն, իրենց տունն էլ պահեն։ Կամ շա՜տ շա՜տ միաժամանակ երկուսն էլ անեն, ծառայեն և՛ աստծուն և՛ մամոնային։ Բայց մենք արդեն լավ գիտենք, որ չի կարելի միաժամանակ և՛ աստծուն ծառայել և՛ մամոնային։ Դրանից լավ բան չի դուրս գալ։ Իհարկե վերջ ի վերջո էսպես էլ մի բան կգրվի, բայց էն չի լինիլ երբեք, ինչ որ պետք է լիներ, և գրողը միշտ փոխանակ առաջ գնալու՝ ետ կգնա, ինչպես մեր գրողներից շատերը, որոնց գովելու ժամանակ սովորաբար առաջին գործերն են հիշատակում, մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե գրողը տաղանդ է ունեցել, բայց գրական մթնոլորտ չի ունեցել ապրելու և զարգանալու համար կամ եղածը հերիք չի եղել։

Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ոչ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ոչ տարրական ուսումն է պակաս։

Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող։ Էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն։