Էջ:Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի 7.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում։

Ահա Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերությունը, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար։

Ահա, վերջապես, Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունը, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է։

Ո՞վ գիտե, գուցե կան և ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստական-գրական-գիտական շարժում առաջ բերելու համար։

Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը՝ լուրջ կազմակերպելուն պես՝ ներշնչելու է հաստատուն հավատ ու վստահություն և հրապարակում հայտնվելու են իրենց ազգի քաղաքակրթությանը նախանձախնդիր շատ ազնիվ անհատներ — կտակարարներ ու մեկենասներ։

Արդ, ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, եթե կուզեք՝ առատ-առատ։ Հարկավոր է միայն գործի կարևորության գիտակցությունն ու բարի կամքը։

Միջոցը եղել է միշտ և ամեն տեղ։ Անգլիայում էլ միջոց կար, բայց ավանդությունն ասում է, թե Շեքսպիրը՝ սկզբներում, Գլոբուս թատրոնի դռանը՝ թամաշա եկողների ձիանքն էր պահում, մինչև որ հազարավոր թամաշավորներից մեկը, հոգու աչք ունեցող մեկը, մի Սոուտհամտոն, նկատեց, որ էս մարդը ձի պահելու համար չի աշխարհ եկած, որ սովորական հացակերի մեկը չի, թևեր ունի, և լիասիրտ միջամտելով թևերը լայն տարածելու հնարավորություն տվեց, ու նա էլ խոյացավ դեպի վեր, մինչև երկինք։

Եթե գնահատողի սուր աչքը չլիներ և Անգլիայի օդը, թերևս մի Շեքսպիր մնար, եթե ոչ սոսկ ձիապան, համենայն դեպս մի խանգարված ու անհաջողության մատնված գրական մարդ։