Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այստեղ երկու կտոր բան ունի դրած, որոնցից մէկը կրօնական բովանդակութեամբ եւ թարգմանութիւն ռուսերէնից, իսկ միւսը մի ներբող է Ներսէսին։ Ներսիսեան դպրանոցի հիմնական ուղղութիւնը միշտ կենդանի մնաց Նազարեանի մէջ։ Եւրոպական գիտութեան լուսով նրա մտքում պայծառացաւ «կրօն» եւ «ազգութիւն» գաղափարների բովանդակութիւնը, բայց նա՝ ըմբռնելով նրանց տարբերութիւնը՝ երբեք չանջատեց եւ չհակադրեց իրար:

Պօղոս Վարդապետի աշակերտները միայն մի տարի մնացին նորաբաց դպրանոցում: 1826 թ. դեկտեմբերին քննութիւն տալով, հետեւեալ տարուայ փետրուարին նրանցից 18 հոգի հրապարակական պարգեւաբաշխութեան հանդիսին աւարտման վկայականներ ստացան: «Ներսէսն իր ձեռքով բաժանում էր անդրանիկ ուսումնաւարտներին գովութեան վկայագիրները եւ պարգեւատրում էր ոսկեզօծ գրքերով»: Աւարտողների մէջն էին Նազարեանը, որ նոր էր ոտը գրել իր 15-րդ տարին եւ Խ. Աբովեանը, որ 21-22 տարեկան երիտասարդ էր արդէն:

Երբ լուր տարածուեց, որ հետեւեալ տարին բացւում Է դպրանոցի չորրորդ դասարանը, աւարտողներից 11 հոգի ցանկութիւն յայտնեցին շարունակելու իրենց ուսումը: Դրանցից մէկն էր նաեւ Նազարեանը, որ հետեւեալ տարուայ փետրուարին (1827) նորից աւարտման վկայական եւ պարգեւ ստացաւ՝ հաւանօրէն դարձեալ վերսկսի ձեռքից: Սրանով պիտի վերջանար Նազարեանի դպրոցական կրթութիւնը Կովկասում, բայց հետեւելով այն «ազնիւ ձղտողութեան դէպի ուսումն», որ դպրանոցն արթնացրել էր նրա մէջ, նա շարունակում է յաճախել ուսումնարան, Շահան Ջրպետից ֆրանսերէնի, դա սեր առնելու: Այս ծերունի գիտնականը Թիֆլիս հասաւ 1826 թ. վերջին, բայց հիւանդութեան պատճառով իր դասերն սկսեց հետեւեալ տարուայ աշունքին, երբ Նազարեանը երկրորդ անգամ արդէն աւարտել էր իր ուսումը: Պէտք է կարծել, որ Նազարեանը ֆրանսերէն դասերին հետեւեց աոնուազն երկու տարի շարունակ, որովհետեւ Ջրպետի ցուցակում, որ կազմուած է 1828 թ. աշնան սկիզբին Նազարեանի անուան դէմ, ուր նշանակուած է «լաւ», դիտողութիւն չկայ, թէ նա թողել է դպրանոցը: Այսպիսով Նազարեանը տեսաւ Ներսէս Աշտարակեցու աքսորը (1828 օղոս. 8) եւ նրա դպրանոցի վերաբացումը Ալամզարեանի եւ Գէորգ աղա Արծրունու ջանքերով: Ֆրանսերէն սովորող 42 աշակերտներից միմիայն 15 հոգի շարունակեցին դաս առնել եւ դրանցից մէկը Նազարեանն է։