կրկնուի, հաւանօրէն այլ վարիացիաներով… Ասենք այստեղ, որ մենք չենք կասկածում Վարդուհու առ Երուանդն ունեցած զգացմունքի անկեղծութեան վրայ. միայն չենք ընդունում, որ նա խոր լինէր: Տասն անգամ սիրահարուողը մի անգամ սիրահարուողից զանազանւում է իր զգացմունքի խորութեամբ միայն եւ ոչ անկեղծութեամբ։ (Մեր խօսքը շառլատանների մասին չէ): Մենք հաւատում ենք Վարդուհու արցունքների անկեղծութեան. հեշտ չէ կորցնել կամ հեռանալ մի մարդուց, որ պատճառ է դարձել այնքան սիրուն ու սիրառատ օրերի, այնքան հաճելի ու թանկագին տպաւորութիւնների. նա երկար կը յիշի այդ «երազ օրերը» իրանց հրապոյրներով. գուցէ եւ այն ժամանակ, երբ ուրիշին սիրելիս կը լինի այդ տեղերում, նոյն այդ երկնքի տակ, նոյն այդ ջրերի մօտ… Այսպէս ուրեմն, մենք չենք ընդունում որ Վարդուհու զգացմունքը խոր լինէր եւ լաւագոյն ձգտումները հիմնաւոր ու ինքնանպատակ, այսինքն որ այդ բոլորը ծառայելիս չլինէին մի աւելի դուրեկան նպատակի համար որպէս միջոցներ: Ասենք մի անգամ ընդմիշտ, որ այդ անձնաւորութիւնը մեզ վրայ այն տպաւորութիւնը չարեց, ինչ որ ակնյայտնի կերպով ցանկացել է անել հեղինակը — այլ բոլորովին հակառակը. եւ այն տեղերը, որոնք ըստ երեւոյթին կարող են մեր ասածի հակառակն ապացուցել, մենք բաւականաչափ հիմնաւոր չենք համարում եւ բացատրում ենք այլ կերպ:
Որ եւ է անձնաւորութեան մենք այն չափով ենք համակրում, որ չափով նա մօտենում է մարդու մասին մեր ունեցած գիտակցական կամ անգիտակցական իդէալին: Երուանդը, ինչպէս երեւում է, շատ է տարուած Ելենայով եւ երբ նա, ո՛չ միայն համակրում, այլ եւ սիրում է Վարդուհուն, նշանակում է, որ նրա մէջ նա գտել է Ելենայի բնաւորութեան գծերից շատերը կամ ենթադրում է որ նա Ելենա դառնալու ընդունակ է: Սակայն սխալւում է Երուանդը: Ոչ միայն Վարդուհին այլ եւ ընդհանրապէս հայ աղջիկը այժմ ընդունակ չէ Ելենա դառնալու, իրան զոհելու սիրած մարդու եւ նրա գաղափարների համար: Դրա համար հարկաւոր է խիստ խոր զգացմունք — երկրպագութեան հասած սէր, որ ակնկալութիւն չունի համբոյրների եւ սիրային տեսարանների, գործելու, նեղ ու սահմանափակ շրջանից դուրս գալու բուռն ցանկութիւն, եռանդ եւ կամք, այլասիրութեան եւ անձնազոհութեան հարուստ սաղմեր… Միւս կողմից մեր ընտանեկան եւ հասարակական պայմանները ընդունակ