եւ նպաստաւոր չեն այդ տեսակ տիպեր ստեղծելու համար: Այդ չի կարող լինել ո՛չ միայն այն պատճառով, որ մեր կեանքի պայմանները խիստ տարբերւում են ռուս կեանքի պայմաններից, այլ եւ այն պատճառով, որ դրա համար հարկաւոր է պատմական խոշոր մոմենտների մօտալուտ գալստեան հովեր… Շատ ցանկալի է որ լինեն նրանք. սակայն մինչեւ այսօր նրանք իդէալների, ցանկալիի սահմաններում են մնում եւ գուցէ դեռ երկար մնան… Ո՞ւր են, ո՞ւր են նրանք. որպէս զի նրանք իրական տիպեր դառնան, մեզ դեռ շա՛տ ու շա՛տ բան է հարկաւոր. դեռ հարկաւոր է, որ մենք վերացնենք այն ասիական կարգերն ու բռնութիւնները, որոնք կան եւ տիրում են մեր հասարակութեան մէջ. դեռ հարկաւոր է, որ մենք ճանաչենք անձնաւորութեան յարգն ու անձեռնմխելիութիւնը. դեռ հարկաւոր է, որ մշակենք յառաջդիմական հոսանքին նպաստող ընտանեկան սկզբունքներ, եւ ապա միայն սպասենք լաւագոյն եւ ցանկալի տիպերի: Իսկ առ այժմ, քանի դեռ չկան, մեզ մնում է բացականչել Երուանդի հետ. «Իսկ Ելենան, Աստուած իմ, Ելենա՞ն, պիտի ունենա՞նք այդ տեսակ աղջիկ մը…»
Նախ քան վէպիկի երկու գլխաւոր անձնաւորութիւնների մասին խօսելը, մի քանի խօսք պ. Կարապետի՝ Վարդուհու եղբօր մասին։ Կեանքի մէջ սիրող (դիլլէտանտ),— ահա թէ ինչ խօսքով մենք կը բնորոշէինք այդ մարդուն: Եւ իրաւ, նա սիրող է միայն. ո՛չ մի լրջութիւն, ո՛չ մի հիմնականութիւն նրա համար չէ: Նա սիրող է գեղարուեստի, սիրող` նոր եւ մեծահնչիւն բայց դատարկ խօսքերի, սիրող` բարոյական ու մտաւոր մեծ ու մանր հարցերում: Ծիծաղելի տպաւորութիւն է անում մանաւանդ նրա պարծենկոտութիւնն ու իրան մեծ գին տալը: Թէեւ դեռ երիտասարդ, բայց արդէն ճաշակել է կեանքը, առիթ է ունեցել ճանաչելու թէ ինչ է «նաուքա սթրասթի նիերժնոյ» այդ խնդիրներում վերից է նայում ջահել, մաքուր եւ ողեւորուած անփորձ երիտասարդների վրայ: Նրա նամակը շատ լաւ պարզում է այդ մարդուն. մի տեսակ սառնութիւն է փչում այդ նամակի քաղաքավարի տոնից. կարծէք ձեռքներդ հպւում է մի սողունի սառ կաշուն։ Ի՞նչ ասել կ՚ուզի, որ նա անընդունակ է որ եւ է, ո՛չ միայն ներգործական, այլ եւ կրաւորական դեր խաղալու մեր յառաջադիմութեան գործում: Կան մարդիկ, որոնք պոտենցիական ուժեր ունին, հարկաւոր է նրանց դրդել — եւ նրանք կարող են որ եւ է գործի համար օգնող ուժեր դառնալ. պ. Կարապետն ու իր նմանները այդ