Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոմանք այդ «տեսիլների» պատճառով ձգտեցին Շանթի դրաման համարել ոչ իրապաշտ գրուածք:Դա մի թիւրիմացութեան արդիւնք է։ Իրապաշտ դրաման պէտք է ներկայացնէ իրականութիւնր. բայց ի՞նչն է իրական:Իրականութիւնը այն չէ միայն, ինչ որ ենթակայ է մեր հինգ զգայարանքների ընկալումին:Իրականութիւն է այն ամէնը, ինչ որ կայ, գոյութիւն ունի:Ես կանգնած եմ ծովափին եւ նայում եմ ալիքևերի թաւալումին. իմ կանգնելս ու նայելս իրականութիւն են եւ նկարիչը կարող է ինձ այդ դիրքում նկարել. դա կը լինի իրականութեան ընդօրինակութիւն կամ վերարտադրութիւն, նայած նկարիչի տաղանդին:Բայց նոյն այդ ժամին ես մտածում եմ մի այլ ծովափի մասին, ուր մայր մտնող արևի տակ մակոյկ եմ մտնում սիրածս աղջկայ հետ. թևերս թափ են աոնում նրա հայեացքից եւ մակոյկը սահում է սուր՝ յուզուել սկսող ջրերի վրայ… իմ երեւակայութեան բովանդակութիւնը, որ մատչելի չէ ոչ ոքի արտաքին զգայարանքներին եւ հասանելի է միմիայն իմ ինքնագիտակցութեան` նոյնքան իրականութիւն է, որքան այս գրիչը, որով գրում եմ: Եւ եթէ մէկն ուզենայ պատկերել իմ երեւակայութեան թռիչքը՝ նա կը տայ մի նոր ձեւի նկար, որ արտաքուստ անիրական երեւալով՝ ամէնաստոյգ իրականութեան պատկերը կը լինի։ «Իրականութիւն» բառի իմաստը լայնանում է եւ դրա հետ փոխւում են արուեստի միջոցները: Իրականութեան մասին այստեղ իւնղիր կարող է լինել ե ոչ թէ պատկերացման նոր միջոցների պատճառով, այլ թէ ո՞րքան այդ պատկերացումները հոգու իրական բովանդակութիւն են արտայայտում, ո՛րքան այդ երազներն ու մտապատրանքները համապատասխան են այն անձանց խառնուածքին ու բնաւորութեան, որոնց գլխում ծնունդ են առնում:

ե.

Տեղն է այժմ որոշելու, թէ այդ ներաշխարհի տեսարանները ինչ բնոյթ ունեն: Արդեօք դրանք պայմանական միջոցներ են հերոսներից մի քանիսի նորմալ մտածումները, վարանումները, կասկածներն ու տենչերը առարկայօրէն ցուցադրելու, թէ՞ հոգեկան հիւանդ վիճակների իրական պատկերներ են, ոչ իրապաշտ միջոցներով դրսեւորած: Ուրիշ խօսքով՝ մենք բնականո՞ն մարդկանց հետ գործ ունենք, թէ հոգեկան հիւանդների. կամ լաւ եւս՝ Շանթն այստեղ շարունակո՞ւմ է իրապաշտ հեղինակ մնալ ընդհանուր առմամբ, թէ՞ ոչ: