Էջ:Գևոն 06.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ամեն վարպետին վարպետը կա. Գևոյին վարպետը երևան ելավ։

Տիգրանակերտեն ճամպազ Ֆիրիկը Խարբերդ բերած էր ձի մը և հանած էր շուկայի մեծ հրապարակը։

Գևոն գործի վրա է։

— Օվի՛կ եկուր տեսնամ, Ֆիրիկին թեք մը պիտի նետեմ։ Խըրը դուրս հանե։— Եվ իբրև վերջին հրահանգ, ավելցուց.— Աչքին ուշադրություն դարձուր։

Օվիկը պետք էր աչքին ուշադրություն դարձներ՝ Խըրին մեկ աչքը քոռ էր։

Ֆիրիկն ու Գևոն մոտեցան իրարու։

— Ալիդ խոսք չի կա,— սկսավ Գևոն։

Իսկապես Ալը նշանավոր ձի էր, բարձր, աղջկա նման կուրծքով և արսլանի նման վզի բռնվածքով, մեկ ոտքը ճերմակ, իսկ մնացածները կարմիր, ճակատին վրա ալ հավկթաձև փոքրիկ սպիտակ մը, ականջները փոքր, բաշը ջրվեժի նման ծփո՜ւն, խրոխտ, ասպետական և ազնվական ըլլալու բոլոր նշաններով։

— Քու Խըրդ ալ շատ դիմացկուն է,— պատասխանեց Ֆիրիկը։

Երկուքն ալ կարճ կը խոսեին զգուշությամբ, հազար կը չափեին, մեկ կ՚արտասանեին։

Օվիկը զբաղված էր Խըրը դարձնելով աջեն ձախ, ձախեն ալ աջ՝ նայած Ֆիրիկի ըրած շարժումներուն։ Ֆիրիկը Խըրին աջ կողմը չպիտի տեսներ. ահա՛ Օվիկի մտահոգությունը։

Օվիկը իր վերջին գովեստն պիտի ստանար և Գևոյի կողմե պիտի հռչակվեր վարպետ։

Գևոն այնքան միամիտ չէր չմտածելու, որ ինչո՛ւ Ֆիրիկը Ալը կը ծախեր, երբ ամեն կերպով անիկա ազնվական ճինսե ըլլալը հաստատելը դյուրին էր։ Վերջապես Գևոն գտավ, որ Ալին պոչի բռնվածքը լավ չէր, և Ֆիրիկը, սիրահար ըլլալով ամեն կերպով անարատ ձիու, կը ծախեր։

Գևոն երկու ոսկի տվավ Խըրին վրա և Ալին հետ փոխեց։

Ֆիրիկը Խըրը ծախեց Խարբերդի մեջ չորս ոսկիի և մեկնեցավ Տիգրանակերտ։ Ուրեմն Ալը ծախեց վեց ոսկիի։

Ֆիրիկը Օվիկի շարժումներեն հասկացավ, որ Խըրին մեկ աչքը քոռ էր և երբեք այն տեղերը չեղավ։ Գևոն կարծեց, որ Ֆիրիկը ոչինչ չնկատեց։