Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՔԱՈՍ



Ծով էր շառաչուն․ քամի ու գիշեր,
Ներսում՝ սեղաններ, ծիծաղ ու աղմուկ.
Բաժակներ անթիւ ու շիշե՜ր, շիշե՜ր,
Ու մի մոռացում լոյսերում տամուկ։

Ու հնչող նւագ, ու խմիչք հոսուն,
Ալիք՝ փշրւող անյոյս շառաչով․
Կանաչ լոյսի շերտ մթութեան փոսում,
Մեռնող արձագանգ, հեռո՜ւ, հառաչող։

Ու կուշտ մարմիններ, անփոյթ ու խոշոր․
Մութի մէջ կորչող անյայտ ճանապարհ,
Ու շրթեր խոնաւ, աչքեր վաւաշոտ․
Արաբ պարուհու կրքոտ պորտապար։

Ու յետոյ փողոց, յետոյ կէսգիշեր․
Ծովափ, հորիզոն մութ ու անյատակ.
Ու ցնցոտիներ, ու մերկ մարմիններ,
Քաղցած ու նիհար ձգւած պատի տակ։

Իսկ այնտեղ ներսում՝ նւագ ու գինի,
Ու կարմիր լոյսեր, կին ու երգ ու պար․
Այնտեղ՝ խրախճանք ցոփ ու վայրենի,
Արաբ պարուհու կրքոտ պորտապար։

Բէյրութ