Էջ:Դեւ - բանաստեղծութիւններ.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԳԱԶԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ


Հեռո՜ւ հեռւից եկել եմ քո սուրբ հողը համբուրեմ,
Հողիդ վրայ արևի ոսկէ շողը համբուրեմ։

Նոր ես, լցւած կենսուրախ ու ծաղկավառ գարունքով,
Կանաչներիդ բիւրեղեայ գարնան ցօղը համբուրեմ։

Հայոց երազ, հայոց յոյս, հայոց պաշտպան, հայոց սիւն
Արարատիդ բազմադար կապոյտ կողը համբուրեմ։

Ու Մասիսի շուքի տակ, Արարատեան դաշտի մէջ,
Աղջիկներիդ ձեռքերում լոյս խաղողը համբուրեմ։

Շուշան֊շուշան ժպիտով նազան֊նազան օրօրւող
Պարող սիրուն կոյսերիդ դէմքի քօղը համբուրեմ։

Ծաղկող երկի՛ր, կառուցւող ու բարձրացող օրէօր,
Ալիքւող կառուցումիդ տենդոտ ղողը համբուրեմ։

Ժողովո՛ւրդ իմ հանճարեղ, ստեղծագործ երգով լի
Քո ստեղծող, կառուցող ու երգողը համբուրեմ։

Ու քո հոգու, արւեստի ու գիտութեանդ ծնած
Մինչև երկինք սլացող վեհ կոթողը համբուրեմ։

Մեծ վերելքդ են գովերգում պոէտներդ խանդավառ,
Պոէտներիդ երգերի գովքի տողը համբուրեմ։

Փառքի երկի՛ր, փառահե՜ղ, վերածնւած հայրենի՛ք,
Նոր փառքերդ աւետող հնչուն փողը համբուրեմ։

Երեւան