Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ որպես ձիապան։ Այդ ամենը, պարոն քահանա, ես նրա համար եմ ասում, որ ձեր մեջ հայրական գութ շարժեմ, և դուք զղջաք ձեր անբարի վերաբերմունքի համար իմ տիրոջ նկատմամբ։

— Ա՜յդ էր պակաս,— բացականչեց սափրիչը,— ուրեմն դու էլ, Սանչո, քո տիրոջ կտորն ես։ Աստված վկա, մտքիցս անցնում է, քեզ էլ չնստացնե՞նք նրա կողքին, վանդակի մեջ, եղբայրության համար, որովհետև երևի դուք էլ եք կախարդված, վարակվելով նրա ասպետական ցնդաբանություններից։ Անժամանակ եք դուք ուռել նրա խոստումներից և անժամանակ կոխել ձեր գլուխը այդ սիրեցյալ կղզին։

— Ոչ ոք ինձ չի ուռցրել,— պատասխանեց Սանչոն,— ես այնպիսի մարդ չեմ, որ մեկնումեկը ինձ ուռցնի, նույնիսկ ինքը՝ թագավորը։ Կղզին ուզում եմ, ի՞նչ կա որ։ Ուրիշները ավելի վատ բաներ են ուզում։

Սափրիչը նախընտրեց Սանչոյին չպատասխանել, զգուշանալով, որ միգուցե նա իր պարզամտությամբ երևան բերի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան խնամքով թաքցնում էին։

Քահանան կարճառոտ պատմեց մեր ասպետի հիվանդության սկիզբն ու պատճառը, նրա բոլոր արկածները մինչև այս վանդակի մեջ ընկնելը։ Նա հաղորդեց իր մտադրությունը՝ տանելու նրան ծննդավայր և փորձելու որևէ կերպ բժշկել։

Այդ միջոցին Սանչոն, օգտվելով իր տիրոջ հետ մենակ խոսելու հնարավորությունից, առանց քահանայի և սափրիչի հսկողության, մոտեցավ վանդակին և ասաց.

— Պարոն, խիղճս թեթևացնելու համար ես պետք է ձեզ, ձեր կախարդվածության մասին, բան ասեմ։ Այս երկու դիմակավորները, որ ուղեկցում են ձեզ, մեր գյուղի քահանան ու սափրիչն են։ Ինձ թվում է, որ նրանք ձեզ այդ եղանակով են տանում, նախանձից դրդված։ Նրանք տեսնում են, որ դուք ձեր սխրագործություններով գերազանցել եք նրանց։ Դուրս է գալիս, որ դուք իսկի էլ կախարդված չեք, այլ պարզապես խաբված ու թակարդն ընկած։

— Հանգիստ կաց և այդպես մի՛ մտածիր՝ նրանք այնքան են քահանա ու սափրիչ, որքան ես՝ տաճիկ։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ քեֆդ ուզում է, ես քեզ պատասխան կտամ, անգամ եթե մինչև առավոտ հարցուփորձ անելու լինես։

— Ես այն կարծիքին եմ, որ ձերդ ողորմածությունը պիտի փորձի ազատվել այդ բանտից (ես այդ գործում խոստանում եմ, ուժերս ներածին չափ, ձեզ օգնել և, թերևս, ձեզ դուրս բերել)։ Հեծեք ձեր բարի Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված լինի՝ տեսեք որքան տխուր ու մտածկոտ է նա։ Իսկ ազատվելուց հետո մենք նորից արկածախնդրության հետևից կընկնենք։

— Ես համաձայն եմ քո առաջարկին, Սանչո եղբայր։ Հենց որ նպաստավոր ժամ լինի, որ դու քո ծրագիրը կատարես և ազատես ինձ, ես կհնազանդեմ քեզ ամեն բանում։

Սանչոն խնդրեց քահանայից, որ իր տիրոջը թույլ տա մի րոպեով դուրս գալ վանդակից, պատճառաբանելով, որ եթե այդ չարվի, ապա բանտը կապականվի,