Էջ:Դոն Կիխոտ.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ III


ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԾԻԾԱՂԱՇԱՐԺ ԿԵՐՊՈՎ

ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ԱՍՊԵՏ ԿԱՐԳՎԵՑ

Տանջվելով այդ մտքից, դոն Կիխոտը շտապեց ավարտել իր սուղ ընթրիքը, վեր կացավ, կանչեց իջևանատիրոջը և, տանելով նրան գոմ ու փակելով դուռը, ծնկի իջավ նրա առջև ու ասաց․

— Ես տեղիցս վեր չեմ կենա, արի ասպետ, մինչև որ դուք չկատարեք խնդիրքս, որով մտադիր եմ դիմելու ձեզ և որը կնպաստի ձեր փառքին և մարդկային ցեղի բարօրությանը։

Տեսնելով, որ հյուրը ծնկաչոք է և լսելով նման խոսքեր, իջևանատերը շփոթվեց, և նայում էր նրան, առանց իմանալու, թե ինչ ասի և ինչ անի։ Ապա սկսեց թախանձել, որ դոն Կիխոտը վեր կենա, սակայն ապարդյուն։ Նա չէր ուզում վեր կենալ, մինչև որ իջևանատերը խոստացավ կատարել նրա խնդիրքը։

— Ես հավատացած էի, պարոն, որ դուք, անսահման բարի լինելով, չեք մերժի ինձ,— ասաց դոն Կիխոտը,— և դուք լայնասիրտ կերպով խոստացաք վաղը, արևածագին, ինձ ասպետ կարգել։ Վերջապես կկատարվի իմ վառ փափագը, այսինքն՝ ես կկարողանամ, ինչպես հարկն է, արկածներ որոնել հօգուտ թույլերի, ինչպես պարտադրում է թափառական ասպետների կանոնադրությունը։

Մենք արդեն ասացինք, որ իջևանատերը խելքը գլխին մարդ էր և նկատել էր, որ իր հյուրի ծերը պակաս է, և լսելով այդքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում, և, գիշերը զվարճացած լինելու համար, վճռեց թև տալ նրա խելագարությանը։