Էջ:Դոն Կիխոտ.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ ես որոնում, դու։— Ոչ ավել, ոչ պակաս մի իշխանուհու, որը և գեղեցկության արև է, և միաժամանակ ողջ երկինքը։— Որտե՞ղ ես ապա ուզում գտած լինել, Սանչո, որտե՞ղ։— Տոբոսո մեծ քաղաքում։— Շատ բարի, իսկ ո՞ւմ անունից ես որոնում նրան։— Դոն Կիխոտ Մանչացու անունից, հռչակավոր մի ասպետի, որ վերականգնում է արդարությունը, կերակրում է ծարավներին և ջուր խմեցնում՝ քաղցածներին[1]։— Բարի՛, գեղեցի՛կ։ Իսկ դու, Սանչո, գիտե՞ս, թե որտեղ է նրա տունը։ Իմ տերն ասում է, թե նա ապրում է արքայական ապարանքում կամ շքեղ դղյակում։— Իսկ դու ապարանք կամ դղյակ տեսած կա՞ս։— Ո՛չ, ոչ ես եմ տեսել, ոչ էլ իմ տերը։ Ի՞նչ իմ բանն է ուրիշի քեֆի համար կատվի հինգերորդ ոտը որոնելը։

Այսպես խոսեց Սանչոն ինքն իր հետ և հետևյալ եզրակացության հանգեց.

— Աշխարհիս երեսին, մահից բացի, ամեն ինչ ուղղելի է։ Հազար ու մի նշաններից երևում է, որ իմ տերը կապելու գիժ է։ Ասենք, ես էլ նրանից պակաս չեմ, դեռ նրանից ավելի խենթ եմ, որովհետև ծառայում և ուղեկցում եմ նրան։ Խենթությունը հարկադրում է տիրոջս շարունակ մեկ բան ընդունել մյուսի տեղ, սևը՝ սպիտակի, սպիտակը սևի տեղ։ Քանի որ այդպես է, դժվար չի լինի հավատացնել նրան, որ առաջին իսկ գեղջկուհին, որ մեր աչքին ընկնի՝ Դուլսինեան է։

Այս խորհրդածությունները հանգստացրին Սանչոյի հոգին, և նա վճռեց որ իր գործը կատարել է։ Նա ծառի տակ նստած մնաց մինչև երեկո, որպեսզի դոն Կիխոտը չկասկածի, որ նա իրոք Տոբոսո է գնացել-եկել։

Նրա բախտից այն միջոցին, երբ վեր կացավ, որ իր իշուկի վրա նստի, նայեց Տոբոսոյի կողմը ու երեք գեղջկուհի տեսավ, որ գալիս էին էշ նստած։

Սանչոն շտապով գնաց դոն Կիխոտի մոտ, որը դեռ շարունակում էր իր սիրային ախ ու վախը։

— Դե՞, Սանչո, տղա՞ է, թե աղջիկ։

— Ձերդ ողորմածությանը մնում է խթանել Ռոստինանտին և արձակ դաշտ դուրս գալ,— պատասխանեց Սանչոն։— Տիրուհի Դուլսինեա Տոբոսցին, իր երկու նաժիշտների ուղեկցությամբ, հյուր է գալիս ձերդ ողորմածության մոտ։

— Ողորմա՜ծ աստված,— բացականչեց դոն Կիխոտը,— այդ ի՞նչ ես ասում, Սանչո բարեկամ։ Տես, չխաբես ինձ և չփորձես պատիր ուրախությամբ ամոքել իմ անխարդախ տխրությունը։

Նրանք դուրս եկան անտառից և տեսան երեք գեղջկուհիներին, որ հեռու չէին։ Դոն Կիխւոտը ուշի-ուշով աչք ածեց Տոբոսոյի ճամփան և, տեսնելով միմիայն երեք գեղջկուհիներին, սաստիկ շփոթվեց և հարցրեց Սանչոյից, թե իրո՞ք Դուլսինեան և նրա ուղեկցուհիները դուրս են եկել քաղաքից։

— Ինչպե՞ս թե դուրս են եկել,— բացականչեց Սանչոն։— Ձերդ ողորմածության աչքերը ծոծրակի վրա՞ են, ինչ է։ Մի՞թե դուք չեք տեսնում, որ ահա նրանք են մեզ ընդառաջ գալիս, շողալով, ինչպես արևը կեսօրին։

— Ես միայն երեք գեղջկուհի եմ տեսնում, էշերի վրա նստած։

Սանչոն առաջ գնաց, որ դիմավորի գեղջկուհիներին։ Նա վեր եկավ էշից և, բռնելով նրանցից մեկի էշի նոխտան, ծնկի իջավ ու ասաց.

  1. Սանչոն, ըստ իր սովորության, խառն ու սխալ է դասավորում բառերը։ Ծ. Թ.։