Էջ:Դոն Կիխոտ.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գեղեցկության թագուհի և իշխանուհի, թող ձերդ ողորմածությունը բարեգութ և բարեմիտ ընդունի ձեզնով գերված ասպետին։ Ահա կանգնած է նա, որպես մարմարե սյուն, շշմաձ ու շփոթ ձեր շքեղության հանդեպ։ Ես նրա զինակիր Սանչո Պանսան եմ, իսկ նա՝ մոլորաշրջիկ ասպետ դոն Կիխոտ Մանչացին, այլապես՝ Վշտակերպ Ասպետը։

Այստեղ դոն Կիխոտն էլ ծնկի իջավ Սանչոյի կողքին և, մթնած աչքերը չռած, նայում էր այն գեղջկուհուն, որին Սանչոն տիրուհի և թագուհի էր կոչում։ Սակայն իր առջև լոկ գեղջկուհի տեսնելով, այն էլ բավական տգեղ, կլորադեմ և քիթը վեր ծռած, նա մնացել էր զարմացած, ապշել էր և սիրտ չէր անում բառ անգամ արտասանել։ Գեղջկուհիներն էլ էին ապշել, նկատելով, որ երկու իրար բնավ չնմանող մարդ ծնկի են իջել իրենցից մեկի առջև և արգելում են, որ առաջ ընթանան։ Վերջապես, աղջիկներից մեկը խիստ ու զայրացած գոչեց.

— Մի՛ք կտրի մեր ճամփան, իսկույն թողեք գնանք, մենք շտապում ենք։

Սանչոն դրան պատասխանեց.

— Օ՜, իշխանուհի և Տոբոսոյի գերագույն տիրակալ։ Մի՞թե ձեր վեհանձն սիրտը չի մեղմանում, տեսնելով, թե ինչպես ձեր գերապատիվ դեմքի առջև ծունկ է խոնարհել թափառական ասպետության այս սյունն ու հաստատությունը։

Լսելով այդ խոսքերը, մյուս գեղջկուհիներից մեկն ասաց.

— Ա՜յ քեզ բան։ Տեսեք, թե այս պարոնները ինչպես են ծաղրում գեղջկուհիներին։ Դուք ձեր ճամփով գնացեք և մեզ թողեք հանգիստ։

— Վեր կաց, Սանչո,— ասաց դոն Կիխոտը,— հիմա ես տեսնում եմ, որ բախտը չի հագեցել իմ դժբախտություններով և որ մարմնիս մեջ տառապող իմ թշվառ հոգու համար ուրախության բոլոր ուղիները կտրված են։ Իսկ դու, օ՜, բարձրագույն առաքինություն, օ՜, սահման մարդկային ազնվության և քեզ պաշտող վշտալից սրտի միակ ուրախություն։ Թեև ինձ հալածող չարանենգ կախարդը իմ աչքերը մշուշով է պատել, ուստի և մենակ ինձ է թվում, որ քո աննման գեղեցիկ դեմքը աղքատ գեղջկուհու երես է դարձրել, սակայն եթե նա ինձ էլ չի կերպարանափոխել, հրեշի վերածել, որ իմ տեսքն ատելի դարձնի քո աչքերին, ապա նայիր ինձ քնքուշ ու կաթոգին, ես ծնկաչոք եմ քո այլայլված գեղեցկության առջև, և դու տեսնում ես, թե ինչ հնազանդությամբ է պաշտում քեզ իմ հոգին։

— Այդ իմ պապին պատմիր,— պատասխանեց աղջիկը։— Շատ հարկավորս է ձեր սիլի-բիլիները։ Դեն կաց, ճամփա տուր։

Սանչոն մի կողմ քաշվեց, բաց թողեց գեղջկուհուն և սաստիկ ուրախ էր, որ իր խորամանկությունն այդքան բարեհաջող վերջացավ։

Դուլսինեայի դերը խաղացող աղջիկը, ազատվելով, բզով ծակեց իր էշի կողն ու քշեց դաշտ։ Բայց էշը, զգալով, որ բիզը սովորականից խոր խրվեց, սկսեց քացի-քացի տալ և տիրուհի Դուլսինեային վայր գցեց։ Այդ բանը տեսնելով, դոն Կիխոտը մոտ վազեց, որ նրան բարձրացնի, իսկ Սանչոն էլ վազեց, որ կապի էշի փորին փալանը։

Երբ որ փալանը պնդացրած էր, և դոն Կիխոտը պիտի բարձրացներ իր կախարդված տիրուհուն ու էշին նստացներ, աղջիկը նրան ազատեց այդ գործից,