Էջ:Դոն Կիխոտ.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի քիչ ետ գնաց, վազ տալով եկավ, երկու ձեռքը դրեց էշի գավակին, բազեից թեթև թռավ փալանի վրա և տղամարդու պես բազմեց իր էշին։ Մյուս երկու աղջիկներն էլ տեսնելով, որ Դուլսինեան նստեց, իրենց էշերը քշեցին և, առանց ետ նայելու, կես մղոն տարածություն անցան։

Դոն Կիխոտը նրանց ճամփա դրեց հայացքով, իսկ երբ նրանք անհետացան, դարձավ Սանչոյին և ասաց.

— Ի՞նչ կասես սրան, Սանչո։ Ահա թե ինչեր եմ քաշում կախարդների երեսից։ Երբ որ մոտեցա Դուլսինեային, որ նրան օգնեմ՝ հեծնի ձին (դու պնդում ես, թե ձի էր, իսկ ինձ էշ թվաց), նրանից սխտորի սաստիկ հոտ փչեց. գլուխս պտտվեց և քիչ էր մնում խեղդվեի։

— Անզգամնե՜ր,— բացականչեց Սանչոն։— Չարավնաս և չարանենգ վհուկներ։ Սիրտս ասում է՝ վերցրու և ձկների պես շարիր նրանց թելի վրա։

ԳԼՈՒԽ XXXII
ՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է
ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՀԱՆԴԻՊԱԾ ԿԱՌՔԻ
ԿԱՄ «ՄԱՀՎԱՆ ՍԱՅԼԻ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾԸ

Դոն Կիխոտը մտախոհ ընթանում էր ճամփով, մտաբերելով չար կատակը, որ խաղացին իր գլխին կախարդները։ Այդ մտքերը նրան այնքան կլանեցին, որ նա, իր համար աննկատելի կերպով, բաց թողեց Ռոսինանտի սանձը։ Ձին ազատ զգալով, ամեն քայլափոխում կանգ էր առնում և խոտ արածում, որ առատ աճել էր դաշտում։

Հանկարծ նրանց դիմաց դուրս եկավ մի սայլ լիքը այնպիսի տարօրինակ և այլազան դեմքերով ու կերպարանքներով, որ դժվար է երևակայել։

Եզները քշում ու սայլապանի պարտականություն էր կատարում ինչ-որ անճոռնի դև։ Սայլը բաց էր, առանց կտավե ծածկոցի և ոստերից հյուսած կողերի։ Առաջին կերպարանքը, որ ներկայացավ դոն Կիխոտի աչքերին՝ ինքը Մահն էր, մարդու դեմքով։ Նրա կողքին Հրեշտակ էր նստած՝ մեծ, ներկած թևերով։ Մյուս կողմից կանգնած էր Կայսրը և նրա գլխին թագ կար, արտաքուստ՝ զուտ ոսկուց։ Մահվան ոտքերի ներքո մի փոքրիկ աստված էր նստած, անունը՝ Կուպիդոն։ Նրա աչքերը կապած չէին, ձեռքին աղեղ և նետերով լի կապարճ կար։ Ապա ոտից գլուխ զինված ասպետ էր կանգնած, միայն թե գլխին, սաղավարտի փոխարեն, գույնզգույն փետուրներով զարդարված գլխարկ էր դրած։ Հետևում ևս շատ ուրիշ մարդիկ կային, զանազան տեսքով և տարբեր հագուստով։

Դոն Կիխոտր շփոթվեց այդ անակնկալ տեսարանից, իսկ Սանչոյի սիրտը կուչ եկավ երկյուղից։ Սակայն մի ակնթարթից մեր ասպետը արիացավ, վճռելով, որ նոր ու վտանգավոր արկած է սպասում իրեն։ Այդ միտքը գլխում և լի կատարյալ պատրաստակամությամբ նետվելու ամեն տեսակ վտանգի մեջ, նա ձիու գլուխը պահեց սայլի առջև և բարձր ու խրոխտ ձայնով գոչեց.

— Ով էլ որ լինես՝ սայլապան, կառապան կամ ինքը՝ դևը, անմիջապես բացատրիր ինձ՝ ո՞վ ես դու, ո՞ւր ես գնում և ի՞նչ մարդիկ ես փոխադրում քո սայլով։