Էջ:Դոն Կիխոտ.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարի եք եկել, ձերդ ողորմածություն, պարոն մաեսե Պեդրո,— շարունակեց իջևանատերը։— Որտե՞ղ են ապա ձեր կապիկն ու թատրոնը, ինչո՞ւ ես չեմ տեսնում նրանց։

— Ուր որ է կգան,— պատասխանեց ուղտի բրդից շոր հագածը,— ես առաջ ընկա տեսնեմ՝ կարելի կլինի՞ գիշերել ձեզ մոտ։

Դոն Կիխոտն իսկույն հարցրեց իջևանատիրոջից, թե ով է մաեսե Պեդրոն և այդ ի՞նչ թատրոնի ու կապիկի մասին էր խոսում։

Վերջինս պատասխանեց.

— Դա շատ հայտնի մարդ է, արկղով թատրոն ման ածող, որ վաղուց շրջում է Մանչայում և ներկայացնում, թե ինչպիս արի Գայֆերոսը ազատեց Մելիսենդրային։ Բացի այդ, նա մի կապիկ էլ է հետը ման ածում, որի հազվագյուտ արվեստին կարող են նախանձել ոչ միայն կապիկները, այլև մարդիկ։ Եթե դուք նրանից բան եք հարցնում, նա ուշի-ուշով լսում է ձեզ, ապա արագ ցատկում տիրոջ ուսին և, թեքվելով նրա ականջին, շշնջում է ձեր հարցի պատասխանը, իսկ մաեսե Պեդրոն բարձր կրկնում է։

Այդ միջոցին վերադարձավ մաեսե Պեդրոն, հետը՝ սայլ, որի վրա տիկնիկային թատրոն կար արկղի մեջ, և մի անպոչ, մեծ կապիկ էր նստած։

Դոն Կիխոտը տեսավ թե չէ, հարցրեց.

— Ձերդ ողորմածություն, գուշակող տիկին, ասացեք, տեսնեմ, que perce pigliamo[1], ի՞նչ կլինի մեր վերջը։ Ահա ձեզ երկու ռեալ։

Նա հրամայեց Սանչոյին, որ երկու ռեալ տա մաեսե Պեդրոյին, որը կապիկի փոխարեն պատասխանեց և ասաց.

— Պարոն, այդ անասունը ապագայի վերաբերյալ ոչինչ չի պատասխանում ու հաղորդում։ Նա շատից-քչից գիտե անցյալի և մասամբ ներկայի մասին։

— Գրո՜ղը տանի,— բացականչեց Սանչոն։— Ես քոռ գրոշ չեմ տա իմ անցյալը գուշակելու համար՝ ո՞վ կարող է այդ ինձնից լավ իմանալ։ Իսկ փող տալ, որ քեզ ասեն այն, ինչ որ ինքդ գիտես՝ մեծագույն հիմարություն կլինի։ Բայց քանի որ կապիկը գիտե նաև ներկան, ահա իմ երկու ռեալը և թող նրա կապկային ողորմածությունն ասի ինձ, թե ներկա վայրկյանում ի՞նչ է անում իմ կինը՝ Թերեսա Պանսան և ինչով է զբաղված։

Մաեսե Պեդրոն չկամեցավ վերցնել փողն ու ասաց.

— Ես չեմ ուզում վարձատրություն վերցնել, քանի դեռ չեմ աշխատել։

Այստեղ նա երկու անգամ աջ ձեռքով խփեց ձախ ուսին, կապիկը վայրկենապես թռավ ուսի վրա և, դունչը խոնարհելով տիրոջ ականջին, սկսեց արագ-արագ ատամները զարկել իրար, ապա արագ ցատկեց գետին, իսկ մաեսե Պեդրոն մեծ փութկոտությամբ չոքեց դոն Կիխոտի առջև և, գրկելով նրա ոտքերը, ասաց.

— Ես գրկում եմ ձեր ոտքերը, որպես կգրկեի Հերակլյան սյուները, օ՜հ, մոռացության տրված թափառական ասպետության փառապանծ վերակենդանացնող։ Օ՜հ, ասպետ, դոն Կիխոտ Մանչացի, որի արիությունը գերազանցում

  1. Իտալերեն դարձվածք է, բառացի նշանակում է՝ ձուկ ենք բռնելու, այսինքն՝ ի՞նչ ենք անելու, ինչի՞ց ենք սկսելու, Ծ. Թ.։