Էջ:Դոն Կիխոտ.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նա հավատացնում էր, որ երբեք իր տիրոջը չէր տեսել այսչափ կատաղի բարկությամբ բռնված)։

Ողջ թատրոնն ավերելուց հետո դոն Կիխոտը մի քիչ հանգստացավ և ասաց.

— Կկամենայի ես այս րոպեիս տեսնել իմ առջև բոլոր նրանց, ովքեր չեն հավատում և չեն կամենում հավատալ, որ թափառական ասպետները մեծամեծ օգուտ են տալիս մարդկությանը։ Խորհեցեք, թե ինչ կլիներ փառավոր դոն Գայֆերոսի և չքնաղ Մելիսենդրայի ճարը, եթե պատահմամբ ես այստեղ չլինեի։ Անշուշտ, այդ իսկ րոպեին վրա կհասնեին շները և կենթարկեին նրանց ամեն տեսակ ստորացումների։ Արդ կեցցե թափառական ասպետությունը, որ աշխարհիս երեսին ամեն բանից վեր է։

— Ասպետությունը կեցցե, իսկ ես՝ մեռնեմ,— ցավագին ձայնով պատասխանեց մաեսե Պեդրոն։— Դեռ չի անցել կես ժամ, նույնիսկ կես րոպե, ինչ ես թագավորների և կայսրերի իշխողն էի, ինչ իմ գոմերը, սնդուկներն ու պարկերը լի էին ձիերի և նրանց սարքերի ահագին բազմությամբ, իսկ հիմա ավերված ու ոչնչացած եմ, աղքատ ու մուրացկան, իսկ ամենից վատը՝ մնացել եմ առանց կապկի։ Երևի թե ոչ այլ ոքի, քան եթե Վշտակերպ Ասպետին էր վիճակված իմ տիկնիկներին ոչնչացնել։

Մաեսե Պեդրոյի խոսքերը շարժեցին Սանչո Պանսայի սիրտը, և նա ասաց.

— Մի լար և մի ցավիր, մաեսե Պեդրո, սիրտդ շուռ մի տուր։ Իմացած եղիր, որ իմ տեր դոն Կիխոտը բարի և խղճմտանքով քրիստոնյա է։ Եթե նա խորհելու լինի, թե ինչ վնաս է հասցրել քեզ, նա կկարողանա և կկամենա վճարել և վարձատրել, շահն էլ վրան,

— Եթե պարոն դոն Կիխոտը կոտրած տիկնիկների գեթ մի մասի համար վճարելու լինի, ես բավարարված կլինեմ, որովհետև ինչպե՞ս կարող է իր հոգին փրկել նա, ով որ խլում է ուրիշի գույքը՝ հակառակ տիրոջ կամքի և փոխարենը չի հատուցանում։

— Դուք արդարացի եք,— պատասխանեց դոն Կիխոտը,— սակայն ինձ համար անհասկանալի է, ի՞նչ գույք եմ ես ձեզնից խլել, մաեսե Պեդրո։

— Ինչպե՞ս թե,— բացականչեց մաեսե Պեդրոն։— Իսկ այս գետնին ընկած փշուրնե՞րը։ Ի՞նչ ուժ փշուր-փշուր արեց, եթե ոչ ձեր հզոր բազկի անհաղթելի ուժը։ Ո՞ւմ էին պատկանում այդ առարկաները, եթե ոչ ինձ։ Մի՞թե ես դրանցով չէի կերակրվում։

— Հիմա,— ասաց դոն Կիխոտը,— ես վերջնականապես այն մտքին եմ հանգում, որ քանիցս անցել է գլխովս։ Ինձ հալածող կախարդները նախ ինձ մարդիկ են ցույց տալիս իրենց բնական տեսքով, ապա փոխում ու կերպարանափոխում են նրանց իրենց ուզածի պես։ Պարոններ, ես ձեզ զուտ ճշմարտություն եմ ասում, այդ ամբողջ ներկայացումը ինձ երևաց իրականություն՝ Մելիսենդրան, դոն Գայֆերոսը, Մարսիլիոն, Կարլոս Մեծը կենդանի մարդիկ թվացին։ Ահա թե ինչու կատաղությունս բռնկեց և, որպեսզի թափառական ասպետի պարտականությունս կատարած լինեմ, վճռեցի օգնություն և պաշտպանություն ցույց տալ փախստականներին, և այս բարի մտադրությամբ ես կատարեցի այն, ինչին դուք վկա եղաք։ Իսկ եթե հակառակը դուրս եկավ, ապա