Էջ:Դոն Կիխոտ.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մեղավորը ես չեմ, այլ ինձ հալածող լարագործները։ Այնուամենայնիվ, թեև իմ սխալանքը չար մտադրությունից չի բխում, ես ինքս ինձ պարտադրում եմ վճարման։ Ասացեք, մաեսե Պեդրո, ի՞նչ կուզեք կոտրած տիկնիկների համար, ես պատրաստ եմ անմիջապես վճարելու։

Մաեսե դոն Պեդրոն գլուխ տվեց և ասաց.

— Դրանից պակաս բան բոլոր աղքատ ու չքավոր շրջմոլիկների ճշմարիտ օգնական պաշտպան՝ քաջարի դոն Կիխոտ Մանչացուց չէր էլ կարելի սպասել։ Թող պարոն իջևանատերն ու Սանչոն լինեն գնահատողներ և միջնորդներ ձերդ ողորմածության ու իմ միջև և որոշեն, թե ի՞նչ արժեն, կամ ավելի ճիշտ ի՞նչ կարող են արժենալ ջարդված տիկնիկները։

Իջևանատերն ու Սանչոն համաձայնեցին։

Մաեսե Պեդրոն բարձրացրեց հատակից Սարագոսայի գլխատված Մարսիլիո թագավորին և ասաց.

— Դուք տեսնում եք, որ այս թագավորին անհնար է վերադարձնել իր նախկին վիճակը, ուստի ես կկամենայի ստանալ նրա մահվան, վախճանի և ոչնչացման համար չորս ու կես ռեալ։

— Հետո՞,— պատասխանեց դոն Կիխոտը։

Մաեսե Պեդրոն, իր ձեռքն առնելով միջից կես արած կայսր Կարլոս Մեծին, շարունակեց.

— Կարլոս Մեծի պատռած գլխի համար արդարացի կլիներ պահանջել հինգ ու մեկ քառորդ ռեալ։

— Տվեք,— ասաց դոն Կիխոտը։

— Այս տիկնիկի քիթը կոտրած է,— շարունակեց մաեսե Պեդրոն,— և աչքը ծակված։ Սա չքնաղ Մելիսենդրան է, և ես, խղճի մտոք, երկու ռեալ ու տասներկու մարավեդին եմ խնդրում նրա համար։

— Թող գրողը ինձ տանի,— բացականչեց դոն Կիխոտը,— եթե հիմա Մելիսենդրան իր ամուսնու հետ Ֆրանսիայի սահմանն անցած լինի, որովհետև նժույգը, որի վրա նրանք սլանում էին, ոչ թե վազում, այլ թռչում էր։ Ուստի, խնդրում եմ, կատուն նապաստակի փոխարեն ինձ վրա չծախեք և չհավատացնեք, թե այդ քիթը կոտրած տիկնիկը Մելիսենդրան է, մինչդեռ իսկական Մելիսենդրան իր ամուսնու հետ հիմա խնդության մեջ է Ֆրանսիայում։

Մաեսե Պեդրոն տեսնելով, որ դոն Կիխոտը նորից խելագարվեց և դարձյալ իր էշն է քշում, վախենալով, որ նրան ձեռքից կգցի, ասաց.

— Սա, երևի, Մելիսենդրան չի, այլ նրա նաժիշտներից մեկնումեկը։ Տվեք տասնվեց մարավեդին, և ես գոհ կլինեմ։

Այսպիսով նա մեկը-մյուսի հետևից գնահատեց բոլոր կոտրած տիկնիկները, իսկ դատավոր-գնահատողները, երկու կողմերի հավանությամբ, կրճատեցին նրա, պահանջները, այնպես որ վնասների ընդհանուր գումարը դուրս եկավ քառասուն ռեալ և երեք քառորդ, ինչը Սանչոն իսկույն հանեց քսակից։ Բայց մաեսե Պեդրոն, բացի այդ, ևս երկու ռեալ պահանջեց, իբրև վարձ՝ կապիկին բռնելու համար։

— Վճարիր, Սանչո,— ասաց դոն Կիխոտը,— եթե նա չկարողանա բռնել այդ անասունին, թող գոնե հարբի անասունի պես։ Բայց ես ուրախությամբ կնվիրեի երկու հարյուր ռեալ նրան, ով կարողանար ստուգապես հաղորդել