Էջ:Դոն Կիխոտ.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասպետ էր կոչվում, ուղարկել է ինձ խնդրելու, որ ձերդ մեծությունը հաճի թույլ տալ, ձեր համաձայնությամբ, բարեհայեցողությամբ ու թույլտվությամբ ներկայանալ ձեզ և կատարել իր ցանկությունը։ Իսկ նրա ցանկությունը, ինչպես ինքն է հայտարարում, և ես նույնն եմ կարծում՝ ձերդ վսեմ գեղեցկությանը ծառայելն է։ Եվ եթե այդ թույլատրվելու լինի, ապա դուք, տիկին, մեծ օգուտ կքաղեք, իսկ իմ տերը իր համար մեծ շնորհ ու հաճույք կհամարի։

— Անշուշտ, բարի զինակիր,— պատասխանեց տիկինը,— կատարելով ձեր առաքելությունը, դուք աչքաթող չարիք և ոչ մի մանրուք, որ պատշաճ է նման դեպքերում։ Դե, վեր կացեք։ Վայել չէ, որ Վշտակերպ Ասպետի զինակիրը ծնկաչոք մնա։ Վշտակերպ Ասպետի մասին մենք այս կողմերում արդեն շատ բան ենք լսել։ Վեր կացեք, բարեկամ, և ասացեք ձեր տիրոջը, որ նա պատեհ ժամին հանդես եկավ և որ ես ու իմ ամուսին դուքսը ուրախ կլինենք ընդունելու նրան մեր ամառային ապարանքում, որն այստեղից հեռու չէ։

Լսելով այս հաճելի պատասխանը, Սանչոն, խորին գոհունակությամբ, շտապեց իր տիրոջ մոտ և հաղորդեց նրան այն ամենը, ինչ որ ասաց այդ ազնվազարմ տիկինը։

Դոն Կիխոտը շտկվեց թամբի վրա, ոտքերն ամրացրեց ասպանդակներում, ուղղեց իր երեսկալը, խթանեց Ռոսինանտին և ազնիվ հանդարտությամբ դիմեց դեպի դքսուհին, նրա ձեռքը համբուրելու համար։

Մինչև դոն Կիխոտի տեղ հասնելը, մարդ ու կին վճռեցին հրահրել նրա տարօրինակությունները, նրա ամեն ասածին համաձայնել և վարվել հետը որպես թափառական ասպետի հետ, կատարելով բոլոր ծեսերը, որ նկարագրված են ասպետական վեպերում։

Դոն Կիխոտը բարձրացրեց երեսկալը և նշան արեց Սանչոյին, որ ուզում է իջնել ձիուց։ Սանչոն ուզեց վազել, որ ասպանդակը բռնի, բայց նրա բախտը չբանեց և էշից գետին ցատկելու միջոցին փալանին կապած թոկը փաթաթվեց նրա ոտքին։ Նա չկարողացավ ոտքը դուրս բերել և կախ ընկավ գլխիվայր, դեմքն ու կուրծքը հպած գետնին։ Իսկ դոն Կիխոտը, սովոր լինելով, որ իջնելուց ասպանդակը բռնեն և հավատացած լինելով, որ Սանչոն արդեն մոտեցած կլինի, թափով մեկ ոտքը շուռ տվեց և մյուսով քարշ տվեց Ռոսինանտի թամբը։ Ըստ երևույթին, փորկապը լավ չէր պնդացրած եղել, այնպես որ նա, թամբի հետ, թրմփաց գետին և, սաստիկ շփոթված, ատամների արանքից սկսեց անիծել չարաբաստիկ Սանչոյին, որ դեռևս իր ոտքը չէր արձակել։ Դուքսը հրամայեց իր ծառաներին օգնել ասպետին էլ, զինակրին էլ։ Նրանք բարձրացրին դոն Կիխոտին, որ կարգին ջարդվել էր ընկնելուց։ Ասպետը, կաղալով, փորձեց ծնկի գալ դքսուհու և նրա ամուսնու առջև, բայց դուքսը խանգարեց և, ձիուց ցած թռչելով, գրկեց դոն Կիխոտին ու ասաց.

— Խնդրում եմ, շնորհ բերեք, տեր իմ, Առյուծների Ասպետ, իմ դղյակը, որ մոտ է այստեղից։ Դուք այնպիսի ընդունելություն կգտնենք, որ ճշմարտապես վայել է ձեր բարձր անձին և որ ես ու դքսուհին սովոր ենք ցույց տալու բոլոր թափառական ասպետներին, որոնք մեզ մոտ հյուր են գալիս։

Սանչոն արդեն Ռոսինանտի թամբը շտկել և փորկապը ամուր կապել էր։ Դոն Կիխոտը հեծավ ձին, դուքսը՝ իր փառավոր նժույգը, դքսուհին անցավ նրանց մեջտեղը, և նրանք ուղևորվեցին դղյակ։