Էջ:Դոն Կիխոտ.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դքսուհին հրամայեց, որ Սանչոն իր կողքին լինի, որովհետև նրա խելացի խոսակցությունը անսահման բավականություն էր պատճառում։ Սանչոն, առանց իրեն խնդրել տալու, միացավ այդ երրորդությանը և մասնակից եղավ զրույցին ի մեծ հաճույս դուքսի ու դքսուհու, որոնք մեծ բախտ էին համարում ընդունել իրենց դղյակում նման թափառական ասպետին և նման տարօրինակ զինակրին։

Նախքան տեղ հասնելը դուքսը առաջ անցավ և կարգադրեց իր մարդկանց դոն Կիխոտի ընդունելության մասին։

Եվ ահա, երբ դոն Կիխոտը դքսուհու հետ ներս մտավ դղյակի ընդարձակ բակը, երկու չքնաղ աղջիկ մոտեցան մեր ասպետին և նրա ուսերին նրբագույն կարմիր մահուդից թիկնոց գցեցին, և դուքսի բոլոր սպասավոր-սպասավորուհիները թափվեցին բակն ու բարձրաձայն բացականչեցին.

— Բարի գալո՜ւստ, թափառական ասպետության ծաղիկ ու զարդին։

Այդ օրը դոն Կիխոտը առաջին անգամ և վերջնականապես համոզվեց և հավատաց, որ ինքը ոչ թե մի կարծեցյալ, այլ ամենաիսկական թափառական ասպետ է, որովհետև տեսնում էր, թե բոլորը վարվում են հետը միանգամայն այնպես, ինչպես, դատելով ըստ վեպերի, անցած դարերում վարվելիս են եղել այդ կոչման ասպետների հետ։

Նրանք բարձրացան մի դահլիճ, որի պատերից կախված էին թանկագին դիպակներ և ոսկեհյուս գորգեր։ Վեց աղջիկ հանեցին դոն Կիխոտի զենքուզրահը և սկսեցին սպասարկել նրան իբրև մանկլավիկներ։

Երբ որ նրա զենքուզրահը հանեցին, նա մնաց նեղ տաբատով, ուղտի բրդից կապայով, ինքը՝ երկար ու փայտի պես չոր ու ցամաք, այնպիսի փոս ընկած այտերով, որ ասես նրանք ներսից իրար համբուրելիս լինեին։ Նրա տեսքն այնքան ծիծաղաշարժ էր, որ եթե նրան սպասարկող աղջիկները ճիգ չգործադրեին իրենց ծիծաղը զսպելու, ապա ծիծաղից կպայթեին։

Դոն Կիխոտը հագնվեց, գոտեպնդվեց թրով, կարմիր մահուդից թիկնոցը վրան գցեց, գլխին դրեց ծածկոց կանաչ կերպասից, որ մատուցեցին նրան սպասուհիները։ Աղջիկները, կանգնած երկու շարքով, թասեր էին բռնել լվացվելու համար։ Այդ բոլոր արարողությունները նրանք կատարում էին բազմաթիվ ծիսական շարժուձևերով։ Ապա ներս մտան տասներկու մանկլավիկներ արքունապետի ուղեկցությամբ, որպեսզի ասպետին առաջնորդեն սեղանատուն, որտեղ նրան սպասում էին տանտերն ու տանտիկինը։

Մանկլավիկները, շրջապատելով նրան մեծ հանդիսավորությամբ ու շքեղությամբ, այստեղից նրան տարան մի այլ դահլիճ, որտեղ ճոխ սեղան էր բացված չորս հոգու համար։

Դուքսն ու դքսուհին դիմավորեցին դոն Կիխոտին շեմքին և հրավիրեցին սեղան նստել։ Տեղի տալով երկար թախանձանքներին՝ դոն Կիխոտը բազմեց պատվավոր տեղում, իսկ դուքսն ու դքսուհին նստեցին նրա աջ ու ձախ կողմից։

Սանչոն այդ տեսարանին ականատես լինելով, զարմացել ու ապշել էր այն պատիվներից, որ ազնվական անձինք տալիս էին իր տիրոջը։

Դքսուհին հարց տվեց դոն Կիխոտին՝ ունի՞ նա արդյոք տիրուհի Դուլսինեայից