Էջ:Դոն Կիխոտ.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քահանան խնդրեց, որ բոլորը դուրս գան և, մնալով մենակ, խոստովանեցրեց նրան։ Բակալավրը, որ գնացել էր գրագրի հետևից, շուտով վերադարձավ գրագրի և Սանչո Պանսալի հետ։ Վերջինս բակալավրից տեղեկացած լինելով, թե ինչ վիճակի մեջ է իր տերը ու տեսնելով, որ դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին լաց են լինում, ինքն էլ սկսեց հեկեկալ ու արցունք թափել։ Խոստովանությունն ավարտելուց հետո քահանան դուրս եկավ և ասաց.

— Իրոք որ Ալոնսո Կիխանոն մահանում է և իրավ՝ նրա միտքը առողջ է։ Ներս մտեք, որ ներկա լինեք կտակի կազմելուն։

Այս խոսքերը արցունքի նոր հեղեղ առաջ բերին դոն Կիխոտի զարմուհու, տնտեսուհու և բարի զինակիր Սանչո Պանսայի աչքերից, նրանք հեկեկում, ախ ու վախ էին քաշում։ Որովհետև, ինչպես մենք քանիցս նշել ենք, դոն Կիխոտը թե Ալոնսո Կիխանո եղած պահին, թե դոն Կիխոտ Մանչացի եղած միջոցին, քաղցր ու բարեսիրտ բնավորության տեր էր, ուստի և նրան սիրում էին ոչ միայն մերձավորները, այլև բոլոր ծանոթները։

Բոլորի հետ ներս մտավ նաև գրագիրը։ Երբ որ նա կտակի վերնագիրը գրեց-պրծավ, դոն Կիխոտը, հոգին աստծուն հանձնելով, պահպանելով քրիստոնեական բոլոր կանոնները, սկսեց մեկ-մեկ թվել կտակի կետերը։

— Այլև ցանկանում եմ, որ Սանչո Պանսայի ձեռքում եղած փողերս նրանից ետ չուզեն և հաշիվ չպահանջեն, որովհետև նրան, իմ խելագարության ժամանակ, ես զինակիր էի կարգել և իմ ու նրա միջև զանազան հաշիվներ են եղել, ստացում ու վճարում ենք ունեցել։ Իսկ եթե այգ գումարից նրան հասանելիքը հանելուց հետո որևէ մնացորդ մնալու լինի, թող նա վերցնի իրեն, որովհետև քիչ բան կլինի, իսկ նրան այդ քիչն էլ պետք կգա։ Եվ եթե խելագարությանս ժամանակ ես օգնեցի նրան կղզի ստանալ ի կառավարություն, ապա հիմա, առողջ մտոք, ես եթե ի վիճակի լինեի ողջ թագավորություն կտայի, որովհետև նրա պարզ ու հավատարիմ սիրտը արժանի է դրան։

Եվ, դառնալով Սանչոյին, նա ավելացրեց.

— Ներիր ինձ, բարեկամս, որ իմ երեսից դու էլ խենթի անուն հանեցիր, մեղքը իմն էր, որ դու մոլորության մեջ ընկար, հավատալով, որ աշխարհիս երեսին եղել են և կան հիմա էլ թափառական ասպետներ։

— Ա՜խ,— բացականչեց Սանչոն արտասվաթոր,— չմեռնեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, լսեցեք իմ խորհուրդը, ապրեցեք ևս բազում տարիներ։ Որովհետև մեծագույն խելագարությունը, որ կարող է անել մարդս՝ մեռնելն է, այն էլ առանց որևէ պատճառի, երբ որ նրան սպանող չկա, և ոչինչ չի մաշում նրան, բացի թախիծից։ Խնդրում եմ, որ անգործության չմատնեք ձեզ, վեր կացեք անկողնուց, գնանք թափառենք արձակ դաշտերում, հովվի հագուստով, ինչպես որ վճռել էինք։ Իսկ եթե որևէ թփի հետև մենք գտնելու լինենք կախարդազերծ եղած տիրուհի Դուլսինեային, այլևս ի՜նչ կմնա ցանկանալ մեզ աշխարհիս երեսին։

— Իհարկե,— ասաց Սամսոնը,— բարի Սանչո Պանսան միանգամայն ճիշտ է դատում բոլոր այդ բաների մասին։

— Կամաց, պարոններ,— պատասխանեց դոն Կիխոտը,— անցյալ տարվա բներում նորելուկ ճտեր չեն լինում։ Ես եղել եմ խելագար, իսկ հիմա միտքս