Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես էլ եմ խոսք տալիս,— պատասխանեց գյուղացին։— Բայց որովհետև ես քեզ շատ եմ սիրում, ապա իսկույն պարտքս կավելացնեմ, որպեսզի հատուցումն էլ ավելի լինի։

Եվ, բռնելով տղայի թևից, դարձյալ կապեց նրան նույն կաղնուց և գանահարեց, հասցնելով կիսամեռ վիճակի։

Ահա այսպես արի ասպետ դոն Կիխոտ Մանչացին պայքարի մտավ անարդարության դեմ։

Շուտով դոն Կիխոտը հասավ մի տեղ, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի։ Նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները, սովորաբար, կանգ առնելիս են եղել ճամփաբաժաններում և խորհել, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա էլ մի պահ կանգ առավ, ապա բաց թողեց Ռոսինանտի սանձը, որը հավատարիմ իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։

Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, տոլեդոացի վաճառականներ էին և գնում էին Մուրսիա՝ մետաքս գնելու։

Վեց հոգի էին նրանք և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս հեծյալ ծառաների և երեք ջորեպանների, որ ոտքով էին գնում։

Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, որ իսկույն երևակայեց, թե դա արկածի նոր առիթ է։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով ոտքերն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և ճամփի մեջտեղում կանգնելով սպասեց, որ թափառական ասպետները մոտ գան (որովհետև վաճառականներին նա թափառական ասպետներ էր համարում)։

Երբ որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին իրեն տեսնել և լսել ձայնը, դոն Կիխոտը բարձրաձայն ու հպարտ ասաց.

— Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ կին չկա, քան աննման Դուլսինեա Տոբոսցին։

Թե անծանոթի խոսքերից, թե կերպարանքից, վաճառականները կռահեցին, որ դա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչո՞ւ է իրենցից այդպիսի խոստովանություն պահանջում, և նրանց միջից կատակասեր ու սրամիտ մեկը պատասխանեց․

— Պարոն ասպետ, մենք չենք ճանաչում այդ բարի տիկնոջը, որի մասին դուք խոսում եք։ Ցույց տվեք մեզ նրան և, եթե պարզվի, որ նա իրոք այդքան գեղեցիկ է, ինչպես դուք եք պնդում, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկադրանքի կճանաչենք ճշմարտությունը և կատարած կլինենք ձեր պահանջը։

— Եթե ես նրան ձեզ ցույց տամ,— ասաց դոն Կիխոտը,— և դուք ընդունեք այդքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչը կլինի ձեր արժանիքը։ Ես պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք հենց առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում, անճոռնի և ժպիրհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ-մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ես սպասում եմ ձեզ և հուսով եմ, ըստ արժանվույն