Էջ:Դոն Կիխոտ.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև քահանան ու սափրիչը որոշեցին պատ շարել և ծածկել գրադարանի դուռը այնպես, որ դոն Կիխոտը վեր կենալուց հետո այլևս չկարողանա գտնել գրքերը (նրանք հույս ունեին, որ, վերացնելով պատճառը, կվերացնեն նաև հետևանքները)։ Իրար մեջ պայմանավորվեցին ասել դոն Կիխոտին, որ մի կախարդ թռցրել է սենյակը, գրքերն էլ հետը։ Այդ ամենը կատարվեց մեծ փութկոտությամբ։

Երկու օր անց դոն Կիխոտը վեր կացավ, և նրա առաջին գործը եղավ գնալ գրքերին նայել։ Չգտնելով սենյակը, որտեղ գրքերն էին, նա սկսեց թափառել տնով մեկ և որոնել բոլոր սենյակներում։ Նա մոտենում էր այն տեղին, որտեղ առաջ դուռ կար, մատներով ձեռք էր տալիս և աջ ու ձախ նայում։

Վերջապես երկար որոնելուց հետո հարցրեց տնտեսուհուն, թե ո՞ր կողմն է իր մատենադարանը։

Տնտեսուհին, նախապես գիտենալով, թե ինչ պիտի ասի, պատասխանեց.

— Մատենադարանս ո՞րն է։ Այդ ինչե՞ր եք որոնում, ձերդ ողորմածություն։ Էլ ոչ մատենադարան է մնացել, ոչ գիրք, որովհետև դևն ամեն ինչ տարել է։

— Իսկ էլ դևը չի,— առարկեց զարմուհին,— այլ կախարդը, որ եկավ մի գիշեր, ամպի վրա բազմած, ձերդ ողորմածության այստեղից գնալուց հետո։ Նա իջավ վիշապից, որի վրա հեծել էր, ներս մտավ ձեր մատենադարանը և չգիտեմ, թե ինչ արեց-չարեց այնտեղ, միայն թե մի պահ անց նա դուրս թռավ կտուրից, իսկ տունը լցվեց ծխով։ Երբ մենք սիրտ արինք նայելու, թե ինչ է արել այնտեղ, արդեն ոչ գիրք կար, ոչ սենյակ։ Ես էլ, տնտեսուհին էլ, միայն մի բան ենք լավ հիշում՝ երբ որ այդ չար ծերուկը թռչում-գնում էր, նա բարձրաձայն գոչեց, թե՝ սենյակի տիրոջը ինքը մեծ վնաս հասցրեց, որը հետագայում