Էջ:Դոն Կիխոտ.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին անհավասար և ահեղ մարտի կելնեմ նրանց դեմ։

Ու նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց ուշ դարձնելու Սանչոյի ճիչերին, որը հավատացնում էր, թե նա ոչ թե հսկաների վրա է հարձակվելու, այլ՝ հողմաղացների։ Դոն Կիխոտը հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց զինակրի ճիչերին։ Նա առաջ էր սլանում, բարձրաձայն բացականչելով.

— Միք փախչի, վատհոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն-մենակ ասպետ է։

Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ, և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը շարունակեց.

— Եթե դուք ավելի շատ ձեռքեր ունենայիք, քան հսկա Բրիաբեյը և թափահարեիք, դարձյալ հատուցումից չէիք խուսափի։

Այս ասելով և հոգին իր տիրուհի Դուլսինեային պահ տալով, նա, վահանով պաշտպանված, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց ամենամոտիկ հողմաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը, և թևը, փշուր-փշուր անելով նիզակը, քաշեց իր հետևից և ձիուն, և ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում թռան բավականին հեռու։

Սանչոն, իր էշի ողջ արագությամբ, շտապեց տիրոջը օգնության և մոտենալով, համոզվեց, որ տերն ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժզին էր նա գետին տապալվել Ռոսինանտի հետ։

— Ձերդ ողորմածություն,— բացականչեց Սանչոն,— չէի՞ ասում, որ դրանք հողմաղացներ են։ Ախր դա միայն այն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։