— Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկուց է (այնքան գնահատելի մեր երկաթե դարում), որովհետև այն երանելի ժամանակ ոսկին առանց որևէ աշխատանքի էր ձեռք բերվում, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ իմը ու քոնը։ Այդ սրբազան դարում ամեն ինչ ընդհանուր էր։ Իր օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը մեկնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էին տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց հանրապետությունները և բոլորին պարգևում իրենց աշխատանքի անուշ բերքը։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Խաբեությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունն իշխում էր լիակատար կերպով, և ոչ շահամոլությունը, ոչ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում, ճնշում ու հալածում են նրան, չէին հանդգնում ոչ վիրավորել նրան, ոչ մոլորեցնել։ Թափառական ասպետների ուխտը հիմնվել է, որ պաշտպանի կույսերին, հովանավորի այրիներին, օգնի որբերին ու աղքատներին։ Ես ևս, հովիվ եղբայրներ, պատկանում եմ այդ ուխտին։ Շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև, բնական օրենքով, աշխարհիս բոլոր արարածները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուամենայնիվ, ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանն անգիտակ լինելով հանդերձ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտք եմ համարում սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։
Ամբողջ այս երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած տկողինը միտը գցեց ոսկեդարը և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալ հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր և շփոթված։
Սանչոն էլ էր լուռ։ Նա կրծում էր տկողինը և շուտ-շուտ մոտենում երկրորդ տկին, որը, գինին սառը պահելու համար, կախված էր կաղնու ճյուղից։
ՄԻ ԱՆՀԱՋՈՂ ԱՐԿԱԾԻ ՄԱՍԻՆ
Սանչոն հոգ չէր տարել կապել Ռոսինանտին, գիտենալով նրա հանգիստ բնավորությունը։ Սակայն բախտը կամ թե սատանան (որ միշտ քնած չի լինում) այնպես արին, որ այդ հովտում արածում էր մադիանների մի երամակ։ Ձիապանները սովորություն ունեն խոտ ու ջրով առատ վայրերում կանգ