Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչ որ ինձ է վերաբերում,— պատասխանեց ջարդված ասպետը,— չեմ կարող ժամկետ նշանակել։ Սակայն եղելության մեղքը ամբողջովին իմն է՝ պետք չէր, որ ես թուր քաշեի այնպիսի մարդկանց վրա, որոնք ինձ պես կարգված ասպետներ չեն։ Ուստի, կարծում եմ, ասպետական օրենքների նման խախտման համար, որպես պատիժ, ռազմի աստվածը թույլ տվեց, որ հատուցումը գա իմ գլխին։ Այո, Սանչո Պանսա, լավ միտդ պահիր, ինչ կասեմ քեզ և այդ մեր երկուսիս օգտին կլինի. հենց որ տեսար, թե մեզ նեղացնում է այդ տեսակ ամբոխ, էլ մի սպասիր, որ ես նրանց վրա թուր քաշեմ, այլ իսկույն քոնը քաշիր և պատժիր նրանց, ինչպես քեֆդ տա։ Իսկ եթե, բան է, նրանց ազատելու համար օգնության գալու լինեն ասպետները, ապա այն ժամանակ ես քեզ կկարողանամ պաշտպանել և նրանց հախիցը գալ, ինչպես որ հարկն է։ Չէ՞ որ հազարավոր օրինակներից դու արդեն համոզված կլինես, թե իմ արի բազկի զորությունը որքան մեծ է։

Սակայն Սանչո Պանսան այլ կարծիքի էր, քան իր տերը, ուստի լռելու փոխարեն առարկեց.

— Պարոն, ես հանգիստ մարդ եմ, հեզ, խաղաղասեր և պատրաստ եմ տանելու ամեն վիրավորանք, որովհետև ունեմ կին ու երեխաներ, որոնց պետք է կերակրել և մարդ դարձնել։ Ուստի, ձերդ ողորմածության թույլտվությամբ, ես ոչ մի դեպքում թուր չեմ քաշի ոչ ռամիկի, ոչ էլ ասպետի վրա և այս վայրկյանից սկսած նախապես ներում եմ բոլոր վիրավորանքները, որ ինձ հասցրել են կամ ապագայում կհասցնեն, ով էլ լինի ինձ վիրավորողը՝ ազնվական թե հասարակ մարդ, հարուստ թե աղքատ, հիդալգո թե հարկատու, մի խոսքով՝ ինչ դասի ու դիրքի էլ պատկանելու լինի։

Լսելով այս, նրա տերն ասաց.

— Իմացած եղիր, Սանչո բարեկամ, որ թափառական ասպետների կյանքը ենթակա է հազար ու մի աղետների և ձախորդությունների։ Սակայն պատահական գործիքով հասցրած վերքերը ամոթաբեր են համարվում։ Այդ մասին պարզ ցուցում կա մենամարտության կանոնադրության մեջ, որտեղ ասված է՝ «Եթե մի կոշկակար հարվածի մյուսին կաղապարով, որ մինչ այդ բռնած է եղել ձեռքին, թեև կաղապարը փայտից է շինած, չի կարելի համարել, որ նա, որին հարվածել են, փայտով է ծեծվել»։ Ասելս այն է, որ դու չկարծես, եթե մեզ այս կռվում ծեծել են, ապա մեր պատիվն անարգված է, որովհետև զենքը, որ այդ մարդկանց ձեռքին էր և որոնցով նրանք մեզ ծեծեցին, հասարակ մահակ էր և նրանցից ոչ մեկը, որքան հիշում եմ, ոչ սուր ուներ, ոչ թուր, ոչ դաշույն։

— Ես ժամանակ չունեցա զննելու,— պատասխանեց Սանչոն,— որովհետև հազիվ էի փայտ վերցրել, որ նրանք իրենց մահակներով ինձ այնպես օրհնեցին, որ աչքերիս լույսը մարեց և ոտքերս ծալվեցին։ Նրանք ինձ իսկույն գլորեցին այնտեղ, որտեղ հիմա ես պառկած եմ։ Այնպես որ ես իսկի հավաս չունեմ խորհելու՝ անարգվել է իմ պատիվը փայտի հարվածներից, թե ոչ, նրանք նույնքան խոր խրվեցին իմ հիշողության մեջ, որքան և իմ ոսկորների մեջ։

— Դարձյալ, եղբայր Սանչո, գիտցած եղիր,— ասաց դոն Կիխոտը,— չկա վիշտ, որ մոռացնել չտա ժամանակը, և չկա ցավ, որ չբուժի մահը։