Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա զարթնեց թարմ մարմնով և հարվածների ցավը այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ այդ բալասանի շնորհիվ նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու տուրուդմփոցից, ինչքան էլ դրանք վտանգավոր լինեն։
Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը իրեն տա ամանում մնացածը. իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը տվեց, և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու ջերմեռանդությամբ իր կոկորդն ածեց մի քիչ պակաս, քան իր տերը։ Սակայն դուրս եկավ, որ Սանչոյի ստամոքսը այնքան էլ զգայուն չէր, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ, նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրամցրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում, դոն Կիխոտն ասաց.
— Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու ասպետ չես կարգված։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։
— Եթե ձերդ ողորմածությունը գիտեր այդ բանը,— բացականչեց Սանչոն,— ինչո՞ւ ապա, գետինը մտնեմ ես իմ յոթը պորտով, թույլ տվեց, որ խմեմ։
Դոն Կիխոտը, ինչպես մենք արդեն ասացինք, թարմ ու առույգ լինելով, կամեցավ իսկույն ճամփա ելնել արկածներ որոնելու, որովհետև այստեղ անցկացրած յուրաքանչյուր ժամը նրան կորուստ էր թվում աշխարհի և իր պաշտպանության ու հովանավորության կարոտ բոլոր զրկվածների համար։ Եվ նրան առանձնապես մղում էր այդ անելու այն խոր հավատը, որ ներշնչել էին նրան իր բալասանի հատկությունները։ Տոչորվելով այդ ցանկությամբ, նա իր ձեռքով թամքեց Ռոսինանտին և փալանեց իր զինակրի էշը, ապա օգնեց Սանչոյին, որ վեր կենա և նստի վրան։ Դրանից հետո նա հեծավ ձին և, անցնելով բակի ծայրը, վերցրեց այնտեղ դրած գեղջկական նիզակը, որ պիտի փոխարիներ մարտականին։
Երր որ նրանք երկուսով էլ անասունների վրա էին, դոն Կիխոտը մոտեցավ իջևանատան պատշգամբին և, դիմելով տիրոջը, ծանր ու հանդիսավոր ձայնով ասաց.
— Ձեր դղյակում վայելածս բարիքները, կալվածատեր պարոն, մեծ ու բազմաթիվ են, և ես ինձ պարտավոր եմ համարում մինչև վերջին օրերս շնորհակալ լինել ձեզ։ Օ՜, եթե կարողանայի երախտամատույց լինել, պատժելով ձեզ վիրավորանք հասցրած որևէ հանդուգնի։ Որովհետև, իմացած եղեք, իմ կոչումն է՝ օգնել տկարներին, կեղեքվածների վրեժը լուծել և պատժել ստորությունը։
Դրան, նույնպիսի արժանապատվությամբ, իջևանատերը պատասխանեց.
— Պարոն Կաբալյերո, ես կարիք չունեմ, որ ձերդ ողորմածությունը վրիժառու լինի ինձ հասցրած վիրավորանքների համար, որովհետև տեղ եկած ժամանակ, ես էլ գիտեմ ինձ վիրավորողների հախիցը գալ։ Մի բան միայն