Էջ:Դոն Կիխոտ.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևածագ։ Նա քիչ էր քնում, շատ կարդում, և նրա ուղեղը չորանում էր, մինչև որ, վերջապես, խելքը կորցրեց։ Նրա երևակայությունը լի էր այն ամեն բաներով, որ կարդացել էր գրքերում՝ կախարդանքով, մենամարտերով, մարտակոչերով, ճակատամարտերով, վերքերով, սիրո խոստովանություններով, տառապանքներով և այլ հազար ու մի դատարկաբանություններով։ Եվ այնքան ամուր էր մտել նրա գլուխը, թե իր կարդացած երևակայական հերյուրանքի կույտը զուտ ճշմարտություն է, որ նրա աչքում աշխարհիս երեսին ավելի ճշմարտանման բան չկար։

Վերջ ի վերջո, կորցնելով առողջ դատողությունը, նա հասավ ամենատարօրինակ մի զառանցանքի, որ միայն խելագարն է կարող հնարել, այն է՝ թե վայել է և անհրաժեշտ, ինչպես իր սեփական փառքի, այնպես էլ պետության օգտի համար, թափառական ասպետ դառնալ և ձիով ու սպառազինված արկածներ որոնել, բոլոր դեպքերում այնպես վարվելով, ինչպես թափառական ասպետները (որոնց մասին նա կարդացել էր), վերացնել ամեն անարդարություն, և հավերժական փառք ու հռչակի հասնել։

Նախ և առաջ, նա մի լավ մաքրեց իր նախնիների զենքուզրահը, որ երկար տարիներ անկյունում ընկած ժանգոտել ու փոշոտել էր։

Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց ու նորոգեց զենքնուզրահը, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսակալի էր։ Հիդալգոն ստվարաթղթից երեսակալ շինեց և կպցրեց, ու դուրս եկավ սաղավարտի պես մի բան։ Ճիշտ է, կամենալով փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է արդյոք դիմանալ մարտում, նա թուրը քաշեց, երկու հարված հասցրեց և վայրկենապես ոչնչացրեց ամբողջ շաբաթվա շինածը։ Դրանից նա չշփոթվեց և, որպեսզի ապագայում ապահովված լինի նման դժբախտությունից, մեջը երկաթի կտորներ դրեց, ամրացրեց և, չկամենալով նորից փորձել, դա համարեց ամենակատարյալ սաղավարտը աշխարհիս երեսին։

Ապա հիդալգոն քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, ու թեև նրա ոսկորները դուրս էին ցցվել և մազը թափվել, նա գտավ, որ աշխարհիս երեսին իր ձիու նմանը չկա։ Չորս օր մտածում էր, թե ինչ անուն տա ձիուն, որովհետև խորհում էր, թե անթույլատրելի է, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի երևելի անուն չունենա։ Ուստի կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նախքան թափառական ասպետի ձի դառնալը և ինչ է այժմ դարձել։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արվեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, ախորժալուր անուն ստանա՝ տիրոջ նոր աստիճանին ու կոչմանը համապատասխան։

Այսպիսով, մի շարք անուններից հետո, երբ նա հորինում, մերժում ու փոփոխում էր, վերջապես որոշեց ձիուն Ռոսինանտ[1] անունը տալ։ Այս անունը նրան թվաց ազնիվ, ախորժալուր և նշանակալից, որ ցույց էր տալիս, թե նախկինում նա վատույժ ձի էր, իսկ այժմ՝ առաջին նժույգը աշխարհի երեսին։ Ձիու համար, ըստ իր ճաշակի, անուն հնարելուց հետո՝ նա կամեցավ

  1. Ռոսին կնշանակի՝ վատույժ ձի, իսկ անտե՝ առաջ։ Իսպաներեն հնչում է՝ Ռոսինանտե։
5