Էջ:Դոն Կիխոտ.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լայն վերարկուներով հեծյալները դանդաղ շարժվում էին առաջ, քթի տակ ինչ-որ մրմնջալով կամացուկ ու լալագին ձայնով։

Այսպիսի արտասովոր մի տեսարան, այսքան տարաժամ և այսպիսի ամայի մի վայրում, կարող էր խռովել ում ասես, ոչ միայն Սանչոյին։ Ավա՜ղ, ինչո՞ւ նույնը չպատահեց դոն Կիխոտին, որի երևակայությանը պատկերվեց մեկն այն արկածներից, որ նկարագրված են նրա սիրած վեպերում։

Նրան թվաց, թե հուղարկավորման սայլը սգո կառք է, որով տանում են ծանր վիրավորված կամ սպանված մի ասպետի և որ հենց ինքը, դոն Կիխոտը, պետք է նրա վրեժը լուծի։ Ուստի, առանց երկար խորհելու, նա ճոճեց իր նիզակը, ամրացավ թամբի վրա և վեհ ու կտրիճ տեսքով դուրս ելավ ճամփի մեջտեղը, որտեղից պիտի անցնեին լայն վերարկուներով հեծյալները։ Երբ նրանք բոլորովին մոտեցան, դոն Կիխոտը բարձրաձայն գոչեց.

— Կանգ առեք, ասպետներ, կամ ովքեր էլ լինեք և իսկույն ասացեք ինձ, թե ովքե՞ր եք դուք, ո՞ւր եք գնում, որտեղի՞ց եք գալիս և ո՞ւմ եք տանում սայլով։ Որովհետև, ըստ ամենայնի, երևում է, որ դուք ինչ-որ ոճրագործության մեղապարտներ եք կամ զոհեր։ Ուստի ես պետք է իմանամ, թե բանն ի՞նչ է, որպեսզի կամ պատժեմ ձեզ՝ ձեր արածի համար, կամ վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։

— Մենք շտապում ենք,— ասաց լայն վերարկու հագածներից մեկը,— իսկ մինչև իջևանատուն դեռ հեռու է։ Ուստի մենք ժամանակ չունենք քեզ երկար ու բարակ բացատրություն տալու։

Եվ, խթանելով ջորուն, կամեցավ նրա կողքից անցնել։

Դոն Կիխոտը, այդպիսի պատասխանից սաստիկ վիրավորված, բռնեց ջորու նոխտան և ասաց.

— Կանգ առեք, համբակներ, և պատասխանեցեք իմ հարցերին։ Հակառակ դեպքում՝ ես ձեզ բոլորիդ մարտի եմ կանչում։

Ջորին վախկոտ էր և, երբ նրա նոխտան բռնեցին, նա այնպես խրտնեց, որ ծառս եղավ և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այդ ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց իր նիզակով և հարձակվեց սև հագնված մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով, գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ի՜նչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել, այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայն վերարկուներով հեծյալները բոլորն էլ երկչոտ ու անզեն մարդիկ էին, ուստի մեկ ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը, վառ ջահերը ձեռքներին։ Նրանք նման էին դիմակահանդեսում ուրիշի շորեր հագած մարդկանց, որ զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սգվորների ոտքերին փաթաթվել էին իրենց լայնարձակ վերարկուների փեշերը, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ էր տալիս առանց դժվարության փառավորապես ջարդուբուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա-ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։