Էջ:Դոն Կիխոտ.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ XVI
ՉՏԵՍՆՎԱԾ ԵՎ ՉԼՍՎԱԾ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,
ՈՐ ԵՎ ՈՉ ՄԵԿ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԱՍՊԵՏ
ԱՇԽԱՐՀԻՍ ԵՐԵՍԻՆ ԴԵՌ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ
ՆՎԱԶ ՎՏԱՆԳՈՎ ԻՐ ՀԱՄԱՐ,
ՔԱՆ ԿԱՏԱՐԵՑ ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՆՉԱՑԻՆ

— Պարզ բան է, պարոն, այս խոտը վկայում է, թե ոչ հեռու աղբյուր կամ առու պիտի լինի։ Ուստի մի քիչ հեռու կգնանք և, անշուշտ, բախտ կունենանք հագեցնելու այս սարսափելի ծարավը, որ, ճիշտն ասած, ամեն բանից խիստ է տանջում։

Խորհուրդը դուր եկավ դոն Կիխոտին։

Նա բռնեց Ռոսինանտի սանձը, Սանչոն՝ իր էշի նոխտան, նախապես բեռնելով նրա վրա ընթրիքի մնացորդները, և նրանք գնացին դաշտով, կույրզկուրայն, որովհետև գիշերվա մութը խանգարում էր նրանց բան զանազանելու։

Սակայն հազիվ էին հարյուր քայլ անցել՝ նրանց ականջին հասավ վտակի շառաչը, որ թափվում էր, կարծես թե, ահագին ու բարձր ժայռից։

Այդ շառաչը նրանց սաստիկ ուրախացրեց։ Նրանք կանգ առան, որ ականջ դնեն, թե որտեղից է գալիս, բայց այնտեղ լսեցին նոր աղմուկ, որ խանգարեց նրանց բավականությունը, մանավանդ Սանչոյինը, որ բնականից երկչոտի մեկն էր։

Եվ իրավ, նրանք ինչ-որ հարվածների ձայն լսեցին և կարծես թե երկաթի ու շղթայի զնգզնգոց։ Այդ հնչյունները, միախառնվելով ջրի կատաղի դղրդյունին, ընդունակ էին ահ ազդել ամեն ոքի սրտին, բայց ոչ դոն Կիխոտի։

Ինչպես արդեն ասացինք, գիշերը մութն էր, նրանք ծառերի տակով էին գնում, որոնց տերևները, օրորվելով մեղմ քամուց, սոսափում էին կամացուկ ու չարագուշակ։ Այդ ամենը՝ ամայի վայր, խավար, ջրի շառաչ, տերևների սոսափյուն,— ակամա ահ էին ազդում։ Սակայն սարսափն առավել սաստկացավ, երբ նրանք համոզվեցին, որ հարվածները չեն դադարում, քամին չի թուլանում, և լույսը դեռ չի բացվում։ Համ էլ նրանք չգիտեին, թե որտեղ են։

Դոն Կիխոտը, մղված իր աննկուն խիզախությամբ, թռավ Ռոսինանտի գավակը, բռնեց վահանը, ճոճեց նիզակն ու ասաց.

— Սանչո, բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերելու, որպեսզի ես ոսկե դարին հարություն տամ, կամ թե ինչպես արտահայտվում են ոմանք, ոսկեջրած դարին։ Նկատի առ, իմ հավատարիմ և անձնվեր զինակիր, թե ինչ մթամած է գիշերը, ինչ անօրինակ լռություն, ինչ խուլ ու անըմբռնելի են սոսափում տերևները, ինչ ահազդով է շնչում վտակը, որին որոնելու ելանք մենք և որը, ասես, թափվում է բարձրաբերձ լեռներից։ Ինչպես են խոցում ու խոշտանգում մեր լսողությունը այս անդադրում հարվածները։ Բոլոր այս երևույթները միասին վերցրած և, յուրաքանչյուրը առանձին, կարող են երկյուղ, ահ ու սարսափ ազդել։ Սակայն իմ նկարագրած սարսափները արթնացնում ու բորբոքում