Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն համար էլ անուն հորինել։ Մի շաբաթ էլ այս մտմտումքի մեջ անցկացնելուց հետո, վերջապես, վճռեց կոչվել դոն Կիխոտ[1]։

Եվ ահա, երբ որ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել, ինքն էլ նորից մկրտվել, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև թափառական ասպետն առանց սիրո միևնույն է, թե ծառն առանց տերևի ու պտուղի կամ մարմինն՝ առանց հոգու։

Նա ինքն իրեն ասում էր.

— Եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ թե իմ բախտից ես հանդիպելու լինեմ որևէ հսկայի, ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին, և առաջին իսկ ճակատամարտում նրան թամբից վայր գցելու կամ միջից կես անելու լինեմ, հաղթեմ ու հպատակեմ, միթե վա՞տ կլիներ, եթե մեկնումեկին նվեր ուղարկեմ նրան, որպեսզի ծնկի գա իմ սիրելի տիկնոջ առջև, հեզ ու խոնարհ ձայնով ասի՝ «Ես Կրակուլիամբրո հսկան եմ, տիկին, Մալինդրանիա կղզու իշխանը։ Ահասաստ մարտում հաղթված Մանչացի ասպետ դոն Կիխոտից, որի սխրագործությունները ամեն գովասանքից վեր են։ Նա ինձ հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի իմ բախտը ըստ իր հայեցողության»։

Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց, երբ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։

Պատմում են, թե հարևան գյուղում մի շատ սիրունատես երիտասարդ գեղջկուհի կար, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, ինչպես երևում է, բոլորովին չի իմացել այդ մասին։

Նրա անունը Ալդոնցա Լորենցո էր։ Ահա սրան մեր ասպետը որոշեց տալ իր սրտի տիկնոջ տիտղոսը։ Եվ որոնելով նրա համար նոր անուն, որը նրա սեփական անունից շատ չզանազանվեր և համապատասխան լիներ իշխանուհու և ազնվական տիկնոջ, նա վճռեց անվանել՝ Դուլսինեա Տոբոսցի, որովհետև աղջկա ծննդավայրը Տոբոսոն էր։ Այդ անունը, հիդալգոյի կարծիքով, ախորժալուր, քնքուշ և իմաստալից էր, ինչպես և նրա մինչ այդ հնարած բոլոր անունները։


ԳԼՈՒԽ II

ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՆՃԱՐԵՂ

ԴՈՆ ԿԻԽՈՏԻ

ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ


Երբ որ նախապատրաստություններն ավարտված էին, դոն Կիխոտը վճռեց անմիջապես ձեռնամուխ լինել իր մտահղացումների կատարմանը։ Նրան խթանում էր այն միտքը, թե իր ամեն մի հապաղումը մարդկությանը վնաս է հասցնում՝ քանի՜-քանի՜ վիրավորվածներ սպասում են վրեժխնդրության,

  1. Իսպաներեն հնչում է դոն Կիխոտե։