քանի՜-քանի՜ անարդարություն պետք է ուղղվի, քանի՜-քանի՜ իրավունք վերականգնվի, չարաշահություն ոչնչացվի, պարտք հատուցվի։
Եվ ահա՝ առանց մեկնումեկին իր մտադրություններին հաղորդակից անելու, մի գեղեցիկ առավոտ, լուսաբացից առաջ (հուլիսի ամենաշոգ օրերից մեկն էր) նա ամենքից գաղտնի զինվեց իր զենք ու զրահով, հեծավ իր Ռոսինանտին, գլխին դրեց իր խղճուկ սաղավարտը, ձեռքն առավ վահանը, նիզակը և անասունների բակի հետին դռնից դուրս եկավ դաշտ, ուրախ-զվարթ, որ այդքան հեշտ կարողացավ ձեռնամուխ լինել այնքան փառավոր գործի։ Սակայն բաց դաշտ ելավ թե չէ, գլխիցը այնպիսի սարսափելի միտք անցավ, որ քիչ էր մնացել թողներ ձեռնարկած գործը՝ նա հիշեց, որ դեռևս ասպետ չի կարգվել և որ ասպետական կանոններով չի կարող, չպիտի հանդգնի որևէ ասպետի հետ կռվի բռնվել։ Իսկ եթե անգամ կարգված էլ լիներ, պետք է որ ճերմակ զրահ կրեր, իբրև նորընծա և իր վահանի վրա նշան չպիտի նկարեր, մինչև որ իր առաքինությամբ արժանանար նշան կրելուն։ Այդ խորհրդածություններից քիչ էր մնում, որ նրա վճռականությունը թուլանար։ Բայց խելագարությունը հաղթահարեց բոլոր փաստարկումները, և նա որոշեց, որ ճանապարհին առաջին իսկ մարդը իրեն ասպետ կկարգի՝ ասպետներից շատերը այլ կերպ չեն վարվել, եթե հավատալու լինենք վեպերին, որ նրան այդ օրն էին գցել։ Գալով ճերմակ զրահներին, նա ինքն իրեն խոսք տվեց առաջին իսկ պատեհ առիթով այնպես մաքրի իր զրահները, որ դրանք սամույրից էլ ճերմակ երևան։
Այս մտքից նա հանգստացավ և շարունակեց իր ուղին, միանգամայն անձնատուր լինելով իր ձիու կամքին․ նրա կարծիքով, արկածների էությունն էլ հենց այդ է եղել։
Ամբողջ օրը մեր ասպետը գնում էր ու գնում և իրիկնադեմին ինքն էլ, ձին էլ ուժասպառվել ու սովամահ էին լինում։ Վերջապես նա սկսեց դեսուդեն նայել՝ որևէ դղյակ կամ հովվի խրճիթ գտնելու հույսով, որպեսզի հանգիստ առներ ու կազդուրվեր, և հանկարծ, ճամփից ոչ հեռու, մի իջևանատուն տեսավ։ Նա ուրախացավ, կարծես թե ուղեցույց աստղ գտած լիներ, որն իրեն եթե ոչ պալատ, գեթ որևէ օթևան էր առաջնորդում։