Էջ:Դոն Կիխոտ.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արիության և խելագարության շնորհիվ, Սանտա Հերմանդադի վախից դրդված նմանապես վճռել էր թաքնվել այս իսկ լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Նա սպասեց, մինչև որ սրանք քնեն և, որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը հրում է անթույլատրելի գործեր կատարելու և ներկայի շահը ավելի գրավիչ է լինում, քան ապագայինը, բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ոչ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ոչ էլ բարեմտությամբ, վճռեց գողանալ Սանչոյի էշը (Ռոսինանտին նա հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան պիտանի չէր թվում թե վաճառելու, թե գրավ դնելու տեսակետից)։

Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն անկարելի էր արդեն։

Արշալույսը բացվեց, արար աշխարհին բերելով ուրախություն, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը չկար։ Նկատելով կորուստը, նա սկսեց աղեկտուր ու դառնակոծ հոգոցներ հանել, այնպես որ նրա ձայնից դոն Կիխոտը զարթնեց և լսեց մրմունջը.

— Օ՜, իմ սիրասուն զավակս, ծնված իմ սեփական տանը, իմ երեխաների զվարճալիք, իմ կնոջ խնդություն, իմ հարևանների նախանձ, օ՜, իմ աշխատանքը թեթևացնող, իմ անձի կեսի կերակրող, որովհետև այն քսանվեց մարավեդիսը[1], որ դու օրական աշխատում ես, իմ ապրուստի կեսն է։

Դոն Կիխոտը, լսելով այս ողբը և իմանալով պատճառը, սկսեց կարյաց

  1. Մարավեդիս— մանր դրամ է, կես կոպեկից էլ պակաս։