Էջ:Դոն Կիխոտ.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և թեև նրանք գյուղից կես մղոն հեռու են եղել, այնքան պարզ լսել են նրա ձայնը, ասես զանգակատան կողքին են կանգնած եղել։ Նա նազուտուզ ծախող չի, բոլորի հետ հանաք-մասխարություն կանի, դատարկ բանից կծիծաղի և կզվարճանա։ Հիմա ես կարող եմ ասել, պարոն Վշտակերպ Ասպետ, որ դուք ոչ միայն կարող եք, այլև պետք է նրա համար գժություններ անեք։ Ձերդ ողորմածությունն ունի կատարյալ հիմք՝ հուսակտուր լինելու և նույնիսկ կախվելու։ Եվ եթե մեկնումեկը այդ բանն իմանա, անշուշտ կասի, թե դուք շատ ճիշտ եք վարվել, անգամ եթե ինքը սատանան ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի շուտով նրան տեսնեմ։ Քանի՜ օր է, ինչ նրան չեմ տեսել։ Նա փոխված կլինի։ Չէ՞ որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում, բարկ արևի տակ, իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Հիմա խոստովանեմ, ձերդ ողորմածություն, որ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ հավատացած եմ եղել, թե տիրուհի Դուլսինեան առնվազն իշխանուհի է։ Լավ միտք արեք հիմա. Ալդոնսա Լորենցոյին, ուզում եմ ասած լինեմ՝ Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում, որ ծունկ չոքեն նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավհատ լինի դզելիս կամ կալ կալսելիս։ Նրանք կբարկանան, տեսնելով նրան այդպիսի գործ անելիս, իսկ նա կծիծաղի ձեր նվերի վրա և կնեղանա։

— Քանի՜-քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— որ դու շատ բերանբացն ես և, թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Ինձ համար միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառապանծ Ալդոնսա Լորենցոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա ցեղի մաքրության, այդ էական չէ։ Ուստի, իմ աչքում նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը։ Այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին կմրցի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, և երևակայությանս մեջ ես նրան այնքան չքնաղ ու ազնիվ եմ պատկերում, որքան կամենում եմ նրան տեսած լինել։

Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց նամակ գրել, ապա, ավարտելով, մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի։ Բախտն այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։

— Դե, լսիր, թե ինչ եմ գրել,— ասաց նա։

ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ՆԱՄԱԿԸ ԴՈՒԼՍԻՆԵԱ ՏՈԲՈՍՑՈՒՆ
Վսեմաշուք և իշխանազոր տիրուհի

անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ քաղցրագույն Դուլոինեա Տոբոսցի, քեզ ողջություն է ցանկանամ, ինչից զուրկ է ինքը։ Եթե քո գեղեցկությունը