Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ հայրս Մոսկվայի աղետալի մարտին մեջ իբր առյուծ պատերազմելով, կայսեր նկատմամբ այնպիսի անձնվիրության և արիության տարօրինակ ապացույցներ տվավ, որ կայսրն յուր ձեռոք կախեց շքանշանն անոր կուրծքին վրա, զորապետի աստիճանը շնորհելով միանգամայն։ Մեծ հայրս այնպիսի ավյուն մ'ուներ Նապոլեոնի նկատմամբ որ կը փափագեր քանի մի կյանքեր ունենալ նվիրելու համար անոր, և ունեցածը զոհեց սիրելի կայսեր՝ Վաթեռլոյի դաշտին վրա, որ վերջին օրն եղավ կայսրության մեծ տռամին։

Հայրս՝ որ միակ զավակն էր մեծ հորս, Նապոլեոնի նկատմամբ հայրենի խանդն և մեծ հարստություն մի ժառանգեց, և հավատարիմ մնալով այն մեծ երևույթին զոր պաշտեց մինչև ցվերջ կենացն. երբեք հանձնառու չեղավ ծառայել Պուրպոնյանց 1815-ին վերահաստատած իշխանության, ինչպես և ես բնավ չհաճեցա ծառայել Նապոլեոն Գ֊ի, որ յուր գալուստն հանդիսադրեց դեկտեմբեր 2-ի դեպքերով։ Սենատի տխրահիշատակ օրն կատարելապես իրավունք տվավ ինձ։

Երբ Գաղղիան երկրորդ անգամ կայսրություն ըլլալե դադրեցավ, և ի կորուստ մատնվեցավ անշեջ ատելությամբ թշնամվո մի, որ կուզեր զայն բոլորովին ոչնչացնել՝ ոչ ևս անոր վրեժխնդրության ենթարկվելու համար, հայնժամ գաղղիացիք մոռցան իրենց կուսակցությանց զանազանությունները, մոռցան իրենց հակառակությունները, մեկ հոգի մը ունեցան միայն վտանգի մատնված հայրենյաց պաշտպանության համար։

Գաղղիո զավակ էի, ընծայեցի իրենց հոգիս, բազուկս և քսակս. արյունս իրեն համար հոսեցավ։ Մեն մի գաղղիական սրտեն բխած ոսկվո շնորհիվ թշնամին հեռացնելե ետև հայրենի երկրեն, Գաղղիան փոխանակ շունչ առնելու, սկսավ յար աղիքն ինքը ձեռամբը պատռել․․․ Բոնապարտյանք, Օրլեանյանք, Բուրբոնյանք, Հանրապետականք, Հասարակըրդյանք զիրար կը զարնեին խառնիխուռն, զիրար կը տապալեին, սուրը կը չողշողար, արյունն հորդառատ կը հոսեր, եղբայրն եղբոր արյամբ ոտիցն թրջելը կզգար, կուրծքին վրա արյան նշաններ կը դիտեր առանց զարհուրելու, հուրն

81