Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը նկատեմ զինքն՝ որ ի տես աշխարհի կը հանդիսանա վերստին մեծ և փառավոր, յուր վաղեմի հայրենաժառանգ ձիրքերովն, թավալգլոր մոլորելեն և այնչափ վար իյնալեն վերջը թուլամորթ և նվաստացուցիչ կառավարության մի պատճառով։

Գաղղիո անկումն ահագին փոս մի բացավ քաղաքակրթյալ աշխարհին մեջ․ իսկ Գաղղիան վեր կանգնած՝ փոխան թագի, հասարակապետությունն ունենալով գլխուն վերև, կր ձևացնե այն զորությունն որ ձեռք կուտա լուսավորության։

Նապոլեոններուն վերջին հուսո նշույլը նվազեցավ գերեզմանին մեջ. հետևապես հասարակապետությունը մեկ թշնամի նվազ ունի, և հաղթանակ մ'ավելի․ սակայն հաղթանակ մի զոր և ոչ արյան կաթիլը կաղարտե։ Այն օրն որ հասարակապետությունը խեղդամահ ըլլա վերստին, հանձնառու չի պիտի ըլլամ երբեք անոր թաղման հանդիսին ներկա գտնվելու․ մայրասպան չեմ ըլլար հայրենակցացս գործակից ըլլալով. այլ կը թողում հայրենիքս, կը փախչիմ՝ ձեռքերս չի ներկելու համար անոր արյամբն։

Սիրտս որ մեռած էր ամեն վայելից նկատմամբ, Գաղղիո համար կապրեր միայն երբ զձեզ ճանչցա, տիկի՛ն։

Հայրս պատվավոր և ազնվասիրտ մարդ մ'էր։ Աշխարհիս մեջ երկու մեծ սեր ուներ այն․ միույն առարկան էր Նապոլեոն. մյուսն էր յուր զավակը։ Մորս երակաց մեջ տոհմիկ արյունը չէր շրջեր. բայց ինչ՞ փույթ էր այդ հորս որ սիրեց զինքն և հետն ամուսնացավ։ Նա ուներ գեղեցկություն և առաքինություն, և ասոնք բացվեցին յուր սրտին․ երջանիկ ապրեցան երկուքն ալ, և ես իրենց սիրույն պտուղն եղա։ Իմ վրաս ամփոփեցին ամենայն խնամք զիս արժանավոր մարդ մ'ընելու համար։ Ուսմունքս փառավոր հաջողությամբ ավարտեցի, երիտասարդ էի, ծնողքս կը պաշտեի և նույնչափ աշխարհիս ուրախությունները։ Տակավին շատ երիտասարդ էի երբ հայրս կորուսի՝ և քիչ ժամանակեն վերջն անմխիթար մայրս։ Իմ այս երկու սիրականներուս մահն հիմարացուց զիս, բայց ժամանակն վիշտս սփոփեց, և զվարճությանց հորձանքին տվի ինքզինքս։

83</center