Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ի ՀԻՇԱՏԱԿ ՍԻՐԵՑՅԱԼ ՄՈՐՍ


ՏԻԿԻՆ ՆԱԶԼԸ ՎԱՀԱՆ

Ողջ էիր, մա՛յր, հորժամ գրեցի զգրքույկս այս զՍիրանույշ։ Զքեզ ընդ երկար ուսումնասիրելե և քու վրադ անհուն հիացմամբ զարմանալե վերջը երբ զքեզ տիպ կընտրեի ճշմարիտ մոր, և երբ ի տիկին Հայնուռ ոչ թե քու խորասույզ միտքդ, ոչ թե քու թափանցող դատողությունդ, ոչ թե քու լուսավորյալ գաղափարներդ կը ջանայի անձնավորել, ալ միայն մայրենի սիրույդ գերագույն բարձրությունը, և անձնվիրությանդ անհուն վսեմությունը, ո՞վ կրնար հավատալ թե օր մի այս նույն գրքույկը անմեռ հիշատակիդ պիտի նվիրեի. ո՞վ կրնար հավատալ, մա՛յր իմ։

Եվ սակայն ծունր դրած հայն վայր իսկ ուր շունչդ ավանդեցիր բազկացս մեջ, և հանդեպ սրբանվեր կենդանագրիդ, կը ձոնեմ քեզ, ո՜վ մայր իմ, ինչ որ որդիական գորովս կրնա նվիրել սուրբ հիշատակիդ՝ այսինքն սրբազնագույն տուրքս առ ճշմարտութուն։ Այո՛, քեզմով ճանչցա ինչ որ մայրությունն հինքն կը պարունակե վսեմություն, զի մեն մի օրդ, մեն մի վայրկյանդ, բոլոր կյանքդ վերջապես քու երկու որդվոցդ պարգևեցիր ամբողջապես։ Չգիտեմ եթե քունիդ մեջ անգամ միտքդ կը հեռանար վայրիկ մը մեզմե։

Ո՛հ, յոթն օրե ի վեր բաժնվեցար դու մեզմե, և այն աղետալի օրեն ի վեր կը մոռնամ թե մայր եմ ես ինքնին, հիշելու համար անընդհատ թե ոչ ևս մայր ունիմ։ Ո՜չ ևս մայր ունիմ…

Մահն հոշոտեց սրտիս գրքեն ամենեն թանկագին և ամենեն գեղեցիկ էջերեն մին. ի՜նչ դատարկություն։ Գուցե հայեցվածքս վարժի օր մի վերջապես այդ զարհուրելի դատարկության, բայց սիրտս պիտի՞ վարժի արդյոք, պիտի՞ ուզե վարժիլ, պիտի կարողանա. երբե՜ք, երբե՜ք։

Մեկնեցար, մա՛յր, հոգիս պատառելով, և թողուցիր ինձ ի փոխարեն օրինակը քու անբիծ կենացդ՝ զոր գովելի և մեծ գործեր զարդարեցին։ Դու գծեցիր ինձ ուղին ուր կը մտնեն աշխատելու, լուսավորելու, օգնելու և ներելու համար։ Իցի՜վ թե կարողանայի, մա՛յր, հառաջանալու այդ գեղեցիկ ճամփուն մեջ՝ ուր դու ընթացար անխոնջ հարատևությամբ։ Իցի՜վ թե հոն ամրապինդ կենայի, և օր մի հելանելս կենաց դոնեն վայրիկ մի հոն կանգ առնելով և անունդ հնչելով՝ հարցնեի քեզ «Հոգի՛դ դու սուրբ, ստո՞ւյգ չէ արդյոք որ քու դուստրդ բոլորովին քեզ անարժան չեղավ»։

Այդ եղանակավ միայն գուցե կարենամ հատուցանել քեզ