Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնտեղ կլինի նաև հավատարմության զգացում և բարոյական մաքրություն։ Ինչու՞ այնքան շատ են դժբախտ ամուսնություններն ու բարոյալքված ընտանիքները, որովհետև աններդաշնակ է անհատի կյանքը, իրավազուրկ է կինը և մարդու անձնական կյանքը խաթարվում է զգացմունքների բռնաբարության իրավունքով։ Տյուսաբը տեսնում էր դրա արմատները։ Նա կռահում է, որ ընտանիքի մեջ յուրովի դրսևորվում են հասարակության սոցիալական հարաբերությունները, որ տիրոջ և ստրկի իրավունքը ինչ-որ յուրովի ձևով արտացոլվում է ընտանիքում․ «Ամուսնությունը,— գրում է հեղինակը,— այսօր տարբեր ուղղություն մ'առած է, նվաստ առ և տուր մ'եղած է․․․ Այսօր ամուսնության պայմանն է ոչ թե բարոյական հանգամանքն, այլ ոսկին։ Չի հարցվիր թե ի՛նչպես է անձը, այլ ինչ ունի։ Չի փնտրվիր բարոյական էակն՝ այլ նյութականը։ Ի՞նչ զարմանք ուրեմն եթե ամուսնություններն այսօր անչափ անհաջող են, եթե բնավորություններն իրարու հետ չեն հաշտվիր, եթե կամքերն իրարու չեն համաձայնիր, եթե փոխանակ միաբանության անմիաբանություն կա, փոխանակ սիրո՝ անտարբերություն կամ հակակրություն»։

Թաւիանցելով ընտանիքի և բարոյականության սոցիալական արմատները, Տյուսաբը, սակայն, կնոջ ազատության հարցում նորից ապավինում է իր իդեալիստական բարոյախոսության պատրանքներին, առաջադրված խնդրի լուծման ուղիները քննում բարոյականության սահմաններում, առանց պայմանավորելու այն սոցիալական վերափոխմամբ։

4

«Դու՛ստր իմ, քեզ կը նվիրեմ այս երրորդ և գուցե վերջին երկս։ Տղա հասակեդ սկսե սիրել զաշխատություն՝ իբրև զԱրաքսիա․ լուսավորե՛ միտքդ միշտ, կոխե՛ աներկյուղ ընկերական նախապաշարմանց վրա, լե՛ր արդար սկզբանց պաշտպան, բարեկամ տկարին, թշնամի գոռոզին։ Լե՛ր դու քեզմով և սեռիդ արժանապատվությամբը․ բարոյապես գույն մ'ունեցիր ու այդ գույնով ապրե՝ մինչ ցվերջ կենացդ»,— գրում է Տյուսաբը իր վերջին՝ «Արաքսիա» վեպի նվիրաբերականում։

Այս տողերի մեջ արտահայտված է վեպի միտումը, նրա գաղափարական ելակետը։ Կանանց հարցին, հեղինակն, այս անգամ անդրադառնում է աշխատանքի հասարակական իրավունքի տեսակետից։

Վեպը սկսվում է սոցիալական անհավասարության՝ հեղինակի ակնհայտ միտումով իմաստավորված հակադրության ցնցող պատկերով։ Բարեկենդան էր, ժողովրդի տրադիցիոն տոնախմբության օրը։ Բայց բոլորին չէր տրված ուրախության և ցնծության նույն վայելքը․ մինչդեռ «հարուստը կենաց ճոխ միօրինակությունը կը ճգնի ընդհատել և պարապո նեղանալի ժամերը աղմուկով, նվագարանով, հացկերույթով, պարով, շարժմամբ և տարօրինակ կենդանությամբ զբաղեցնել», «աղքատը յուր տխուր վայրկյանները կը մոռնա», «արտասուաց ու հառաչանաց բարեկենդանը կը տոներ»։ Եվ հեղինակն ամբողջ հոգով համակրում ու կարեկցում է խարխուլ տնակների ամենազուրկ թշվառներին․ «Ոհ, սրտաճմլիկ հակա-

XIII