Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԻՐԱՆՈՒՅՇ
ԳԼՈԻԽ Ա.

Գատրքյոյ՝ իբրև թագուհի Մարմարա ծովուն, սիգապանծ կը կանգնի յուր գեղեցիկ տուներով, շքեղ պարտեզներով, ծաղկազարդ բլրակներով, կանաչավետ հրվանդաններով. ու թվի փառավորվիլ յուր գեղեցկության պատկերը դիտելով կապույտ ալյաց հայելվույն մեջ, զի Մարմարան յուր հեղուկ հանգույցներովը սեղմելով այս նշանավոր գյուղը՝ սիրո ալիքներով կողողե ամեն կողմանե։

Ասիո այս գեղանազ բամբիշը թվի ի պայքար մտնել Վոսփորա թագուհվույն՝ արքայանիստ Ստամպոլին հետ, որ յուր դիրքով, ապարաններով, մզկիթներով, նոճիե մահագուշակ պսակներով, յուր նավահանգստին խուռներամ նավերով, ծովեզերյա տաղավարներով եզական կը հանդիսանա աշխարհիս մեջ։

Եվ եթե Կոստանդիանոսի քաղաքն եզական յուր անցյալ պատմությամբ կը փառավորվի՝ վաղեմի Քաղկեթոնն ալ զուրկ չէ պատմական բարձր արժեքե, քանի որ Կոստանդիանոսի հաջորդները բազմիցս ազատեց օտար թշնամյաց հարձակումներե, ու գահընկեց թագավորաց ապաստան եղավ, մինչդեռ սպառազեն բազուկներ իրենց կենաց կը սպառնային։

Եվ ո՞վ արդյոք կրնա մոռնալ թե Քաղկեթոն կեդրոնատեղի եղած է այն կրոնական ժողովույն ուր Եվտիքեսի վարդապետությունը նզովեցավ, և ուսկից ծագումն առավ Հայոց եկեղեցվույն բացարձակ անկախությունը. որով սա յուր սեփական