Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն դեպի վեր ցատկելով դյուրաջինջ փրփուրներ կը ձևացնեին, ու եզերքեն վեր ելնելու անհաջող փորձն ընելեն վերջը ջուրին խորը կը նետվեին անախորժ ճիչ մ՚արձակելով։ Ավազանին չորս կողմը կանգնած մարմարիոնե առյուծներու բերնեն հորդառատ ջուրեր կը ժայթքեին, և ավազանին մեջ կը վիժեին գեղեցիկ մրմունջ մի կազմելով ու սոխակներուն ներդաշնակությանը հետ միանալով։ Ավազանին մեջտեղեն տաղավար մի կը ցայտեր իբր թե ջուրերուն մեջեն բխած։ Հայս վայր փայտաշեն գեղջական նստարաններ կային հանգչելու, վայելելու ու խորհելու համար, մինչ ձեռքն ազատ էր պատուհանեն վար երկննալով հեզասահ ջուրերուն հետ խաղալու։

Այս տաղավարին մեջ նստած էր քնքուշն Սիրանույշ դառն արտասվոք ողողյալ դիմոք: Իրեն մոտ կար սևաչյա, գեղեցիկ, երկայնահասակ երիտասարդ մի որ կարծես տխրության պատկերը կը ներկայացներ:

— Սիրանո՛ւյշդ իմ,— կըսեր երիտասարդը,— թույլ տուր ինձ գոնե վերջին գիշերվան համար լուսնի լուսովը զմայլիլ գեղեցկությանդ վրա. թույլ տուր խնդրել քեզմե վերստին որ բացակայությանս ժամանակ սրտիդ վրա դու անձամբ հսկես, իբր իմ օրինավոր գանձիս վրա։

— Գնա՛ ի Հռովմ հանգիստ սրտով, Երվանդ,— կը պատասխաներ կույսն շնորհալի.-ի դարձիդ պիտի գտնաս նույն հավատարիմ Սիրանույշը։ Հաջողեցա վայրիկ մը սրահեն հեռանալու՝ հավատարմության ուխտս վերստին երկրորդելու համար քեզ։

Օրիորդին ձեռքն յուր շրթանց մոտեցնելով Երվանդ անբիծ համբույր մի դրոշմեց անդ։ Արտասվաց երկու հրատապ կաթիլներ անկան երկու տարփալյաց աչերեն ու սահեցան անոնց սիրահոդ ձեռացը վրա։ Այն արտասուքն երկու անարատ հոգիներու հեղուկ խունկերն էին որք անեզրության հետ խառնվեցան։

Կարճատև լռութենե վերջը՝ Սիրանույշ ըսավ երկինքը դիտելով. «Վաղը՝ այս ժամուն, երբ շոգենավն զքեզ հեռացուցած պիտի ըլլա ինձմե, նայե լուսնին որ վկա է արդ մեր խոսակցության, և մեր երկուքին նայվածքն անոր վճիտ դեմքին մեջ թո՛ղ միանան»: