Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրանույշ՝ անկարող յուր հոգվույն տառապանաց հանդուրժելու, յուր սենյակը մտավ, անկավ նստարանին վրա իբր հուսահատության պատկեր և հեծկլտանոք գոչեց «Երվա՛նդ, Երվա՛նդ, ո՜հ բերանս ուրացավ զքեզ, բայց սիրտս, բայց հոգիս սպասարկուքդ են միշտ։ Ո՜վ էակդ պաշտելի, հրաժարեցա՜ ուրեմն քեզմե, ես ձեռամբս պատնեշ մի հորինեցի մեր մեջ, ավա՜ղ…»։

Լացավ դառնագին անմխիթար աղջիկն, և ապա իբր թե վեհ տրտնջանաց հանցանքը քավելու համար «Գոնե դու, մա՛յր, մնչեց. ոչ ես պիտի նահատակվիս հորմես իմ պատճառավս, ու ոչ ևս մայրենի սիրույդ մարտիրոսը պիտի ըլլաս»։

ԳԼՈՒԽ ԺԹ.

Գրեթե մեկ տարիե ավելի անցած էր այն օրեն ի վեր որ Երվանդ հեռացած էր Սիրանույշեն՝ ու Հռովմա մեջ հաստատվելով՝ անխոնջ կերպիվ աշխատած էր սլատկերահանական տաղանդը զարգացնելու, այնպես որ ակադեմիա երևելի հանճարաց զարմանքր գրաված էր նկարչական կարողությանն արտահայտությամբ։ Յուր անբավ սիրույն մեջ կը գտնար ներշնչությունը, ու հաջողությանը մեջ՝ նոր ուժ հառաջանալու։ Կերազեր արդեն յուր ապագա բախտը, որուն փայլը Սիրանույշին վրա պիտի ցոլար, կերազեր այն երջանկավետ օրերն որք պիտի սահեին ընդ մեջ յուր տարփելվույն և պատկերահանության, կերազե՜ր… և ի՜նչ արդյոք չերազեր խանդավառ երևակայություն մի. կը ժպտեր ոսկեզօծ հուսույն, և անով բաժանման դառնությունը մասամբ սփոփելով՝ օրերը կը սահեին հանդարտորեն։

Երիտասարդ Վիրճինիոյի հետ ունեցած բարեկամությունն որ ավուր զորանալով՝ Երվանդ եղբայր մի գտավ օտար երկրի մեջ, սիրտ մի որուն վրա կրնա հենուլ, ապավեն մի յուր առանձնության մեջ։ Իրարու կապվեցան անկեղծ զգացմամբ երկու ազնիվ սրտեր որոնց վրա չեն փչած տակավին իրենց ապականյալ շունչովը մոլությունն ու անբարոյականությունը։ Երկուքն ալ նույն խանդավառ բնությունն ունեին, երկուքն ալ ազատամիտ էին, գեղեցկին ու լավին սիրահար, երկուքն ալ պատկերահան, երկուքն ալ ազնվասիրտ ու դյուրագրգիռ։