Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարսանյաց երկրորդ առավոտ Սիրանույշ առանձին էր սենեկին մեջ, հոգնած յուր վշտերեն, և գիշերվան ուրախության ցույցերեն՝ որք բախտին հեգնությունը կը թվեին իրեն։ Մեկնած էին հայրն ու մայրը, մեկնած էր նաև Զարուհին՝ յուր մտերիմն, ուսկից ոչինչ կը ծածկեր․ առանձին էր, և մատնված իշխանության այն անձին, որ Երվանդին իրավունքը կը գրավեր յուր կենաց մեջ։ Նայեցավ երկնից սգահար աչոք ու ըսավ. «Մնաք բարյա՛վ, հաճո՛ւյք անմեղ օրերուս․ մնաս բարյավ, սերդ իմ։ Ողջույն, պարտավորությունդ իմ․ ո՜վ ցուրտ բառ երբ սերն չէ զայն առաջնորդողը։ Ողջո՛ւյն անհուսության, ողջույն տառապանաց։ Պարտավորության խորանին վրա մեն մի օր սրտիս մասունքը պիտի մատուցանեմ իբր ողջակեզ»։

ԳԼՈԻԽ ԱԵ.

Ինչպես գիտենք արդեն Պ. Դարեհյան կենաց զեխությանց մեջ կը գտնար յուր հաճույքն հառաջ քան զՍիրանույշ ճանաչելու։ Կանացի անմաքուր դասերուն մեջ ունեցած բազմաթիվ հարաբերություններն ապականյալ աշխարհին դյուցազն հանդիսացուցած էր զինքը։ Անասնական կերպարանաց ներքև ծածկված կանայք՝ որք իրենց սեռին նախատինքն են, կը մերկանան ամենայն բարոյական գեղեցկություններե, հոգվո բարձրութենե, սրտի նրբութենե ու կապրին մի միայն նյութական կենաց վայելքն ստանալու, հագվելու, շքվելու և հարստանալու համար։ Այդ անասուն կանայք ի պայքար կը մըտնեին զԴարեհյանն իրենց շահասիրության որսն ընելու, յուր քմահաճությունները հաստատելու, և իբր տզրուկ յուր քսակին ոսկիները ծծելու համար։

Ստույգ է որ Դարեհյան ոսկիները կը սրսկեր առատապես, բայց քմահաճությանցն ազատությունը յուր անձին կը պահեր, մինչև այն օրն հորում Գաղղիացի անառակ կին մի յուր հաղթանդամ մարմնովն, դեմքին շքեղությամբը, և մանավանդ մտաց չար կարողությամբը հաջողեցավ արատավոր սիրո շղթաներով կաշկանդել։

Երբ կանայք իրենց պարտավորության զգացումը կը կորսնցնեն, այսինքն այն զգացումն կանացի բարձրության,