Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մաքրության, բարոյական գեղեցկության որով միայն ճշմարիտ կին կը ձևանան, երբ այդ զգացումը կը կորսնցնեն՝ մարդկության մինչև ամենանվաստ աստիճանները կիջնան, կը ստեն, կը հնարեն, կը քծնին, կը փայփայեն, ամեն ուղի կընտրեն, ամեն դիմակ կը գործածեն, բավական է որ իրենց շահախնդրության նպաստավոր միջոց մի գտնեն. նույն իսկ առաքինությունը կը կեղծեն անոր հովանավորության ներքև իրենց կիրքերը, դավադրությունները, անօրենությունները քողարկելու համար։ Որչափ կին մի անբարոյականության մեջ հառաջանա նույնչափ ալ բազմադիմի են հնարքները. ու որչափ միտքը լուրջ ըլլա նույնչափ վտանգավոր են միջոցները։

Գաղղիացի Ժանեթն հաջողած էր Դարեհյանի տիրելու հանկուցիչ գեղեցկությամբը, հանկուցիչ ձևերովը, թրթռակ լեզվովը, զվարթությամբն ու մտաց բազմադիմի հրապույրներովը։ Անձին նոր կերպարանք տալու կը հաջողեր միշտ. մերթ զվարթ, մերթ մելամաղձոտ, մերթ սրտմտյալ, մերթ ժպտուն, մերթ սրտաբեկ և մերթ հրավառ սիրուհի, վերջապես բազմադիմի էակ մի կը ներկայացներ։

Պ. Դարեհյան ոչինչ խնայած էր այդ կնոջմե, ոչ ադամանդ, ոչ շքեղ զգեստ, և ոչ առատ ոսկի։ Փառք անոր՝ Ժանեթ հարուստ կնոջ կացությամբ կապրեր։ Բայց այդ կացությունը անոր մեծամիտ նպատակը չէր գոհացներ, քանի որ փափագը մինչև Դարեհյանի անունն օրինավորապես կրելու կը ձգտեր։ Նա առերևույթ պարկեշտ կնոջ կանոնավոր կյանքը կը վարեր։ Դարեհյանի անձնուրաց սիրուհին էր, որ բուռն զգացումե գրավյալ՝ կը սիրեր անկեղծաբար, անկարող ըլլալով առանց յուր սիրահարին ապրելու, ու անձը պատրաստ դավանելով մինչև աշխարհիս ծայրը հետամուտ ըլլալու անոր։

Ընդհանրապես մարդիկ սնափառությունն այնչափ հեռու կը տանին մինչև կարծելու թե իրենց անձնական առավելությանցն համար սիրված են և ոչ թե իրենց ոսկվույն շնորհիվ։ Այս կարգեն էր և Պ. Դարեհյան։ Հավատաց Ժանեթի սիրույն և երեք տարի անոր հնարամտությանց խաղալիք եղավ։ Բայց երբ նա տեսավ զՍիրանույշ՝ անկե գրավվելով անտարբերություն զգաց Ժանեթի նկատմամբ, նամանավանդ նողկանք։ Յուր ճամփորդությունը պատճառ եղավ այն կնոջմե հեռանալու,