Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և հետ յուր վերադարձին հարաբերությունները դադրած մնացին։

Այսպիսի կորուստ մի աղետալի էր Ժանեթի համար. մանավանդ երբ իմացավ անոր ամուսնական խորհուրդներն ուրիշի հետ, կատաղությունը չափ չունեցավ քանի որ բոլոր հույսերը կոչնչանային։ Կը տեսներ Ժանեթ թե ինքը մոռցված էր, բայց գիտցավ համբերել, սպասել, և անծանոթ ոսոխին դեմ յուր հարվածները մթության մեջ պատրաստել. կուզեր ձերբակալել վերստին որսն այն՝ որ խույս կուտար իրմե և զոր յուր սեփական ստացվածքը կը համարեր։

ԳԼՈԻԽ ԻԶ.

Պ. Դարեհյան այնչափ գրավված էր նորապսակ կնոջմե, որ նա թվեր աչացն ամեն շնորհաց անձնավորությունն, ու ամուսնական հարկը՝ դրախտավայր մի։ Չգիտեր թե ինչ ձևով մեծարե ու սիրե զՍիրանույշ․ և արդեն ընծայած ծանրագին աղամանդաց ուրիշ ինչ նորեր ավելցնե, յուր շուրջն ինչ զարդեր դիզե, ինչ անվամբ անվանե զայն, ինչ հոգ, ինչ խնամք մատակարարե անոր։ Կը կարծեր թե Սիրանույշ աշխարհային բարյաց բովանդակությունն էր. հոն կուզեր ամփոփել բոլոր իղձերն, անով ապրիլ, հարսին կը բաղձար ձոնել վերջապես կյանքն ամբողջ։

Սիրանույշ կը համբերեր սիրո այդ արտահայտությանը որք մահ կուտային վշտաբեկ սրտին։ Կընդուներ շքեղ ընծաներն որք յուր հոգվույն ավերակաց վրա առավել կը ծանրաբեռնեին։ Կը լսեր անխափան հավատարմության խոստումներն որք Երվանդի ուխտերն հիշեցնելով իրեն՝ յուր էությունը կը սասանեին։ Այո՛, կը համբերեր, կը համակերպեր յուր դառն վիճակին, պարտավորությունը կը կատարեր, և այդ պարտավորության գաղափարին մեջ կը գտնար արիությունը սրտին բողոքաց դիմադրելու։ Հոգին սև էր, ու դեմքը մելամաղձոտ, սակայն վարմունքը միշտ ազնիվ էր, ձևերը միշտ քաղաքավար, խոսքերը սակավաթիվ բայց վայելուչ։ Խաղաղ կերպարանաց ներքև կը ծածկեր հոգվույն փոթորիկը. ոչ գոհունակություն կը հայտներ և ոչ դժգոհություն, ոչ սեր և ոչ