Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինաց ներքև պահելու, և սակայն օր մի կարողացած էր ընդվզելու։

Երբ Ժանեթ իմացավ յուր լրտեսեն որ Սիրանաւյշ մեկ կողմ սկսված էր թողվիլ, հաշվեց թե հասած էր ժամն զինքը վերստին ձերբակալելու, և ըստ այնմ յուր զենքերը պատրաստեց։

Թեև Դարեհյան սաստիկ կը փափագեր Ժանեթին հետ յուր վաղեմի հարաբերությունները նորեն հաստատելու, սակայն հարմար առիթ մի կը փնտրեր անոր մերձենալու՝ այնպես հանկարծական կերպիվ իրմե հրաժարելեն վերջը։

Ժանեթի զալով զԴարեհյան որսալը չէր ուզեր հայտներ, ոչ թե պատվասիրութենեն շարժյալ՝ այլ մի միայն անոր փափագները բորբոքելու մտոք։ Տեղեկացավ Մելքոնեն թե՝ ո՛ր շոգենավով Դարեհյանն կուղևորեր Պոլիս. և նույն ժամուն՝ իբր թե պատահմամբ շոգենավ մտավ, ու այնպիսի տեղ մ՚ընտրեց նստելու՝ ուսկից կրնար դյուրությամբ տեսնվիլ անկե՝ անոր բնավ ուշադրություն չընել ձևացնելով։

Այդ արվեստական անտարբերությունը, ու կնոջ արտասովոր գեղեցկությունը այնպիսի զորավոր ազդեցություն մ՚ըրին Դարեհյանի վրա, որ ոչ ևս կարող ըլլալով հանդուրժելու սրտին փափագանացը՝ կերպով մի մոտեցավ անոր, խոսակցություն մ՚ունեցավ հետը՝ զոր ոչ ոք իմացավ, ու այդ օրվան տեսութենեն վերջը Դարեհյան գերին եղավ Ժանեթի։

Սիրանույշի առանձնությունն ու լքումն օր ավուր զգալի կըլլային, և բացորոշ կերպիվ կը հայտնվեր թե ոչ ևս նա ազեդցություն ուներ ամուսնույն սրտին վրա՝ թեև անոր կողմանե ամեն հարգանաց ցույցեր կը վայելեր։ Իրավ է որ այդ անտարբերությունը Սիրանույշին սիրտը չէր հարվածեր, բայց ոչ նույնպես էր և յուր անձնասիրության նկատմամբ: Սակայն չփոխեց վարմունքը, չգանգատեցավ, այլ միօրինակ ձևով ընթացավ։ Երբեմն պարտազանց ամուսինն երկու երեք օր չէր վերադառնար տուն, երջանիկ համարելով զանձն յուր Ժանեթի օձապտույտ հանգույցներուն մեջ. և սակայն լքյալ կինն երբեք չէր հարցներ անոր բացակայությանն պատճառը, ու նույն հանդարտ և մեղմ կերպարանոք կընդուներ զինքը վերստին։ Սիրանույշի այս վարմունքը խիստ հաճելի էր Պ.