Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշեցնելով անոր խոստումն որ ըրած էր յուր տունեն մեկնելու Սիրանույշի վերադարձեն հառաջ, կինը կը պատասխաներ թե իրոք յուր խոստումը պիտի կատարեր եթե ժամանակին անոր գործադրությունը խնդրեին իրմե։ Բայց, կըսեր, քանի որ դուն կնոջդ նախատանաց ենթարկեցիր զիս, քանի որ նա հանդգնեցավ վանելու զիս իբր կենդանի մի, ես ևս իրմե իմ վրեժս պիտի լուծեմ հոս կենալովս։

Հայնժամ Դարեհյան աղաչանացը ոսկիներ կավելացներ, զորս գաղղիացին արհամարհել կը ձևացներ։ Նոր թախանձանք, նոր ոսկիներ, նոր մերժում, նոր ընդդիմադրություն: Երբ Ժանեթ հաստատեց թե խոստացյալ գումարն գեղեցիկ չափ մի գտած էր՝ իբր թե զիջավ մի միայն յուր տարփածուին աղերսանքեն զգացյալ տունեն մեկնելու համար, առանց որևէ վարձատրություն փափագելու։ Այդ արվեստակյալ անձնվիրությունն իրեն խոստացյալ գումարին կրկնապատկվելուն օժանդակեց։ Եվ իբր թե վերջին շնորհք մ՚ալ ընելու դիտավորությամբ Դարեհյանի նկատմամբ՝ Ժանեթ ոսկիները գրպանեց և թողուց վերջապես անոր շքեղ բնակարանը։

ԳԼՈԻԽ ԼԳ.

Ժանեթի մեկնելովը մեծ դժվարության միույն առջևը առնված կը համարեր Պ. Դարեհյան։ Կը մնար երկրորդն որ էր յուր կնոջը սիրտն առնուլ։ Նա կը մտածեր թե կին մի որչափ ալ սրտմտյալ ըլլա, գեղեցիկ ընծաներու շնորհիվ դյուրին էր հաղթել անոր տհաճության։ Ուրեմն մտավ գոց սենյակ մի ուր երկաթյա հաստատ արկղ մի կար և որուն բանալին ոչ ումեք կը հանձներ։ Բացավ արկղը, ընտրեց թանկագին ադամանդյա մատանի մի, նայեցավ անոր, շքեղ գտավ, հաղթանակը տարած համարեցավ յուր անձը, գոցեց վերստին արկղն և սենյակը, բանալիներն առավ, և գնաց դեպի խուցն ուր Սիրանույշ առանձին նստած, հոգվույն կրկին դառնությամբը մաշիլը կզգար վերջին կրած նախատինքեն ի վեր։

Երբ Սիրանույշ ամուսնույն իրեն մոտենալը նշմարեց, նողկանոք երեսը դարձուց։

Բայց Դարեհյան չվհատեցավ այդ արհամարհոտ ձևեն և քովն երթալով ըսավ․