Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԳԼՈԻԽ ԾԷ.

Սիրանույշ նույն առավոտուն գեշ կերպիվ արթնցավ, այնչափ տարբեր հուզմանց բուռն ներգործությունը կրած էր։ Քունին մեջ կը հանդիսանային յուր առջև ամեն ուրախ կամ տխուր դեպքերն որք տեղի ունեցած էին նախընթաց օրը. զԵրվանդ կը տեսներ յուր քով, ու անոր գլխուն վրա սպառնալից ձեռաց ծածանիլը նշմարելով զարհուրմամբ կարթննար, և ապա կը ննջեր վերստին մերթ յուր ամուսնույն սպառնացող ձայնը լսելով, և մերթ յուր սիրելվույն տխուր մնաս բարյավը։

Արեգակը բավական ժամանակե ի վեր իշխանաբար կը գահակալեր երկնից անսահման դաշտաց մեջ երբ ապերջանիկ կինը զարթյավ վերջնական կերպիվ։ Յուր հոգնած ու տկար մարմինը անկողնույն վրա տարածած կը մտածեր թե որքան հանկարծական կերպիվ Երվանդ երեցած էր աչացը, նույն եղանակավ աներևույթ ըլլալու դատապարտվելով, քանի որ ինքր խոսք տված էր զայն ոչ ևս ընդունելու. միայն յուր օրհասական վայրկենին համար վերապահելով զայն տեսնելու իրավունքը։ Որպեսզի անձկանոք կը փափագեր այն վայրկենին որ շատ ավելի երանություն պիտի ընծայեր իրեն քան թե կենսալից ժամերը։

Սակայն ուրիշ դառն մտածություն մի զինքը չարաչար կը տանջեր. կը մտածեր թե Դարեհյան արդյոք ուրիշի ազդեցութենե՞ն դրդված էր այնպիսի վստահությամբ հաստատելու համար իրեն դեմ աննպաստ պարագաներ որք բնավ տեղի ունեցած չէին, և գործածել մանավանդ այնպիսի նախատալից բացատրություններ։ Կասկածները դեպ Ժանեթ ուղղվեցան նախ. բայց խորհեցավ թե այդ կինը ներկա չէր նախընթաց օրվան պատահարաց՝ յուր ամուսնույն վրա ներգործելու համար։ Ուստի ուրիշ թաքուն թշնամի մ՚ուներ. սակայն ո՞վ կրնար ըլլալ այդ, և որպիսի՞ նպատակե մղյալ։

Այս դառն կասկածանաց մեջ կը ծփար երբ հիշեց թե աղետալի պարտականություն մ՚ուներ կատարելու, այն էր՝ իմացնել Երվանդին զինքը չտեսնելու ըրած անտանելի որոշումը։