Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իղձերուդ թևերն և սահմանափակե զանոնք պարտուցդ շրջանին մեջ։ Ընտրե նպատակ մ՚որ համապատասխանե բանական էակին երկրիս վրա ունեցած կոչման, և հետամուտ եղիր անոր, անընդհատ ջանա հառաջ մղել և կամ կատարելագործել ընտրած աշխատությանդ ճյուղն, արհամարհե արգելքը, քանի որ հարատևությունը կը հաղթահարե զանոնք, զի չի կա ախտ որուն դեղը չի գտնվի հաստատ կամքով։ Իրականությունն ընտրե քեզ նպատակ. անորոշ փափաքներն և անեզրության սերը պահե միայն այն ժամանակիդ համար՝ երբ հոգիդ ձանձրացած կենաց խիստ իրականություններե վայրիկ մի կուզե մկրտվելով ոգևորիլ վերստին երևակայական աշխարհի անուշ հեշտությանց մեջ։ Որչափ նվազ ըլլան իղձերդ և անուշ ցնորքդ, նույնչափ ալ ազատ կը մնաս պատրանքներե. տասը հաճույք՝ կարժե՞ն արդյոք մեկ պատրանք։ Ժպտուն ցնորք և հաճույք կը կենդանացնեն ու կը գեղեցկացնեն կյանքը գուցե սքանչելի խոստմամբ․ բայց սրտի պատրանքը դժոխոց կատաղությանց խումբն է որք կը սուլեն շուրջ մարդուն, խլելով յուր արյունաթաթավ ծվենները, և նետելով զանոնք ընկերության երեսին որ կը խնդա, կը դատապարտե և կը բերկրի։ Խե՜ղճ մարդկություն, կը ծիծաղիս դու արտոսրի, հեծկլտանքի, արյան կաթիլի վրա որ տակավին ջերմ է սրտին հրովն ուսկից բղխեցավ։ Եվ այն ծիծաղն՝ որ մեն մի մարդ դրացնույն կանցնե, հետզհետե աճելով հրեշ ծիծաղի կը վերածվի, և անգթաբար կը ճնշե լքյալ զոհ մի, այսինքն սիրտ մի կենսալից։ Եվ այն փշրված սիրտն որո բաբախմունքը տակավ առ տակավ կը տկարանան, յուր հետին վշտագին շունչը կավանդե վերջապես, և անշարժ կը մնա հավիտենականության մեջ։ Հողը կը բացվի, հողը կը գոցվի հրավառ սրտին վրա մահվան ցրտովն համակյալ։ Անցորդին անտարբեր նայվածքը չգիտեր իսկ այն փոսն ուր կը պարունակվի մեծ վեպ մի, այսինքն վեպը սրտի մ՚որ երազեց, սիրեց, տառապեցավ, լացավ, որ մատնվեցավ, դատապարտվեցավ և որուն դեմ ընկերության նախապաշարմունք դահճի դեր խաղացին, երբ այդ հեգ սիրտն ողորմած ձեռքի կը կարոտեր յուր դառն վերքն սփոփելու համար։


17