Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկերության մեջ ամենայն ինչ պայմանական է․ չիք գթություն եթե ոք համարձակի գործել կամ սիրել հակառակ ընկերական օրինաց և նախապաշարմանց։ Զոր օրինակ կրոնքն՝ որ հոգվույն մխիթարությունն է, մոլեռանդության դարձավ, այսինքն ատելության. և սերն՝ որ սրտին սնունդն է, ապականության փոխվեցավ, և մատնություն եղավ։ Այսպես ուրեմն, եթե կը գտնվին դեռ անբիծ սրտեր որ գեղեցկին զգացումը կը տածեն, ոչ ոք կը հավատա անոնց, զի իբրև երևակայության ցնորք կը նկատվին և հեգնական ծիծաղով կը հոշոտվին այն խեղճ սրտերը։

Սիրո և հավատքի ներքև շահասիրությունը կը պատսպարի գրեթե միշտ։ Ժպիտն՝ ինչպես աղոթքը թակարդ մի կը քողարկե․ մեկ երկրորդ մի ցույց կուտան, ե՛ս՝ չըսելու համար, և ուրիշն ի հանդես հանելով՝ գաղտագողի անձնական շահերը կօգտվին։ Մթությունն այնչափ թանձրացած է որ ոչ ոք կը հավատա լուսույն. և եթե հանկարծ փայլի՝ մեր աչքը կը խտղտի և վերստին խավարը կորոնենք սփոփվելու համար։ Ամեն բանե կը տարակուսինք, նույնիսկ ճշմարտութենեն, այնչափ իրավ է որ սուտը ճշմարտին տեղը գրավեց, տգեղը գեղեցկին, մոլությունն առաքինության։ Ընկերության անհավատարիմ չըլլալու համար ստախոս կը դառնանք մեր անձին, մեր խղճին, մեր սրտին, մեր դաստիարակության նկատմամբ, և այդ սուտով փառավորվելով կ՚ըսենք պարծանոք․ «Այս է կյանքը»։

Բայց դու, Մայտա՛, բարձրացի՛ր քան զսուտ և զշահ․ մեծ եղիր իբր արդարությունը, մեծ իբրև ճշմարտությունը, մեծ իբրև սուրբ սերը։ Խույս տուր խավարեն, խույս տուր ստութենեն. մի՛ վախնար առանձին մնալեդ, զի պիտի գտնվին միշտ դուզնաքյա եզական մտքեր քեզ հարաբերության մեջ ըլլալու ի հեռուստ թե ի մոտո։ Եվ համարելով թե դուն առանձին մնաս, ի՜նչ փույթ քեզ. հոգիդ հինքն կը քաղե յուր ույժն, այսինքն արդարության և ճշմարտության սիրույն մեջ։ Ինչ որ իրականապես մեծ է՝ ուրիշի պետք չունի, զի տկարն է որ նեցուկի կը կարոտի միշտ։