Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Բայց սպասավորդ հսկելու և յուր գալուստն իմացնելու պաշտոնն ունի, մինչև ցարդ գանգատանաց իրավունք չունիս անոր դեմ։

– Արդարացի է ըսածդ, բայց փոքրիկ անզգուշություն մի ծառային կողմանե ծանր հետևանք կունենա։ Կը մտածեմ թե ի՜նչ աղմուկ, ի՜նչ փոթորիկ կրնա հարուցանել այն բթամիտ Դարեհյանը որ կը կարծե ինձմե սիրվիլ՝ եթե զքեզ իմ քովս տեսներ հանկարծ։

– Եթե որևէ խոսք ընելու համարձակեր, կը տեսնե՞ս սա դաշույնը, — ըսավ Ալֆոնս, գրպանեն հանելով զայն, — անմիջապես սիրտը կը մխեի։

Պ. Դարեհյան քաջ չէր. հետևապես սարսափը վրան տիրեց լսելով այդ սպառնալից խոսքերը մարդու մի զոր չէր տեսներ և չէր գիտեր ի՞նչ տեսակ արարած մ՚ըլլալը։ Ուստի դատեց թե լավագույն միջոցը խույս տալ էր առանց յուր ներկայության վրա կասկած տալու։ Նայեցավ չորս կողմ, ոչ ոք կար. իջավ սանդուղներեն վար, դուռը բացավ, ու մինչ կը մեկներ արտորնոք, Ժանեթի խոհարարը զինքը դիտեց և հասկնալով անոր տհաճության պատճառը փութաց գաղղիացի կնոջ եղածն իմացնելու՝ մի միայն հսկելու պաշտոն ունեցող սպասավորին թշնամանք ընելու մտոք։

Ժանեթ եղածին վրա զարհուրեցավ, զի ոսկվո հանք մի կը կորսնցներ. իսկ Ալֆոնսի հույսերը կը փշրվեին ի մեծ հուսահատություն յուր։

ԳԼՈԻԽ ՀԱ.

Երբ Դարեհյան Ժանեթի տունեն մեկնեցավ, հոգվույն մեջ փոթորիկ կար։ Կը մտածեր թե ի՜նչպես խաղալիք եղած էր կնոջն այն զոր այնչափ սիրած էր, որուն առատ շնորհքներ ըրած էր, որուն բարեկեցությունը հաստատած էր, և որուն հավատարմության վրա երբեք չէր տարակուսած։ Այնպիսի դառնություն կզգար նա յուր կրած պատրանքեն, այնպես սաստիկ հարված մը ընդունած էր յուր անձնասիրությունը, որ սրտմտությունը, զզվանքն ու ցավն զյուր հոգին լիովին գրաված էին: