Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձին համար, և տեսակ մ՚անձկությամբ անոր անցնելուն կսպասեր:

Օր մի ձմեռվան արեգակն հազիվ բռնազբոսիկ ակնարկ մի կարձակեր բնության վրա՝ երբ սև ամպեր քողարկեցին զայդ, ու իբր մահագույժ սուրհանդակներ սպառնացան շուրջ ծավալ։ Հովը սրտմտությամբ ուռած՝ իբր կատաղի հրեշ ծովուն վրայեն անցնելով անոր աղիքը կը գալարեր ճերմակ փրփուրներ ժայթքեցնելով։ Ջուրերը կը գոռային հովուն երեսին, և հովը կը պատասխաներ կատաղաբար մռնչելով։

Մինչ տարերց այս ահարկու կռիվը տեղի կունենար՝ Սիրանույշ հանկարծ սենեկեն նշմարեց փոքրիկ նավակն որ երկու կատաղությանց հեգնության խաղալիք եղած՝ ծովուն սապատողին վրա բարձրանալով՝ և ապա անոր վրայեն խոնարհելով մինչև մատնիչ ջրոց խորք թվեր մահվան վհին վրա երերալ։

Օդին սաստկության չկարողանալով դիմադրել անշուշտ նավակին մեջի անձը գոցած էր հովանոցն՝ որով Սիրանույշ նախ սրտովն և ապա աչերովը ճանաչեց սոսկալով զԵրվանդ այդ մեծ վտանգին ենթարկված։ Հուսահատ և վայրենի ճիչ մ՚արձակեց նա պատուհանը բանալով, և «Երվա՛նդ» գոչելով, մինչ թևերը դեպի նավակը կը տարածեր կես մի հիմարած։

Այո՛, զինքը ծածկող ուղևորն Երվանդն էր նույնիսկ որ Ցենիքյոյի մեջ սենյակ մի վարձած էր յուր սիրելվույն մոտ ապրելու համար։ Եվ ամեն օր կանցներ նավակով զՍիրանույշ գոնե հեռվեն տեսնելու ակնկալությամբ քանի որ մոտեն անհնարին էր։ Երբ կը հաջողեր ծովափանց վրա անոր ճեմելը դիտել և տեսությամբը զինքը վայելել՝ երջանիկ կը համարեր գանձն, մխիթարություն կզգար, երբ ամեն մխիթարութենեն զուրկ էր թշվառը։ Իսկ ձմեռ եղանակ պատուհանին ետևեն միայն կը նշմարեր յուր տարփելվույն ձևը առավել հոգվովն քան թե աչերովը։

Սիրանույշ յուր կողմեն, ինչպես արդեն հայտնեցինք, ամեն օր այդ նավակին կսպասեր անմեկնելի անհամբերությամբ և անձկությամբ․ կարծես թե լուռ դաշնադրություն մի տեղի ունեցած էր այդ երկու հուսաբեկ սիրահարաց մեջ։

Մինչ նավավարն ամեն ճարտարություն կը գործադրեր